Թեմիս բարեպաշտ զաւակներին,

Այսու հայրական ջերմ սիրով ողջունում ենք Ձեզ Իրանի Իսլամական Խորհրդարանի 10-րդ շրջանի  եւ Բանիմացների Խորհրդի ընտրութիւնների նախօրեակին:

Վստահ ենք, որ մեր համայնքի ժողովուրդը գիտակցում է, որ ընտրութիւններին մասնակցելը իր արդար իրաւունքն է: Որպէս Իրանեան հայրենիքի հարազատ քաղաքացիներ ունենք պարտաւորութիւններ եւ միեւնոյն ժամանակ իրաւունքներ: Մեր պարտաւորութիւնները կատարելուց յետոյ է, որ կարող ենք մեր շահերը եւ ապահովութիւնը պաշտպանել` յօգուտ եւ ի բարօրութիւն իրանահայութեան:

Յանուն Թեմիս Ազգային Իշխանութեան՝ կոչ ենք ուղղում Թեմիս բոլոր զաւակներին, անխտիր միահամուռ կերպով մասնակցելու Բանիմացների Խորհրդի եւ Սպահանի եւ Հարաւային Իրանահայութեան պատգամաւորի ընտրութեան:

Յոյսով ենք, որ մեր Թեմի զաւակները որպէս Իրանի Իսլամական Հանրապետութեան լի իրաւ քաղաքացիներ, վայելելով այս երկրի պետութեան իւրայատուկ սէրն ու գուրգուրանքը, ինչպէս անցեալում, այսօր եւ վաղը պիտի կարողանան մասնակցել այս երկրի վերանորոգման ու բարեզարդման բոլոր աշխատանքներին:

Մեր օրհնութիւնն ենք յղում Ձեզ եւ մաղթում ենք քաջառողջ ու երկար կեանք Ձեզ բոլորիդ:

ԲԱԲԳԷՆ ԱՐՔ. ՉԱՐԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

20 ՓԵՏՐՒԱՐ 2016