Շաբաթ՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Տեառնընդառաջի նախատօնակի առթիւ, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Մինաս եկեղեցիներում, հերթաբար արժն. Տ. Սեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի, արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանի, արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի եւ արժն. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի միջոցով իրականացւեցին եկեղեցական հոգեպարար արարողութիւն եւ աւանդական հրավառութիւն:
Նշւած եկեղեցիներում քահանայ հայրերը ելոյթ ունեցան օրւան պատշաճ քարոզով, ապա արարողութեան աւարտին կատարեցին մանուկների տաճար ընծայման կարգը, իսկ նորապսակ զոյգերի ընկերակցութեամբ եկեղեցիների բակում վառեցին աւանդական խարոյկը:
Արարողութիւնից յետոյ, նոյն օրը երեկոյեան ժամը 7:00-ին, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան շրջափակում, նախաձեռնութեամբ Սպահանի Հայոց Թեմի Կրօնական Խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան, տեղի ունեցաւ հրավառութիւն: Խարոյկը բոցավառեցին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանն ու նորապսակ զոյգերը:
Այնուհետեւ միութեան սրահում կայացաւ ամենամեայ միջոցառումը, ուր նորապսակ զոյգերը եւ նորածիններն ու իրենց ծնողները հանդիպեցին Հայր Սուրբին եւ ազգային մարմինների ներկայացուցիչներին: Ծրագրին ներկայ էին նաեւ քահանայից դասը, Պատգամաւորական Ժողովի Դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները եւ Ն.Ջ. Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան անդամները:
Ծրագրի հանդիսավարութիւնը կատարեց Մանիա Ղուկասեանը, իսկ ընթացքում արտայայտւեցին Եկեղեցեաց Վարչութեան նախագահ պրն Ղուկաս Ծատուրեանը եւ Կրօնական Խորհրդի ատենապետ պրն Վարուժ Մովսիսեանը, ովքեր շնորհաւորելով բոլորին տօնի կապակցութեամբ, փոխանցեցին իրենց ջերմագին մաղթանքները:
Երեկոյի շարունակութեան մէջ հրաւիրեալները լուսանկարւեցին Հայր Սուրբի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ, որից յետոյ նորապսակները եւ նորածիններն ու իրենց ծնողները հերթաբար հատեցին նախատեսւած տորթերը:
Մթնոլորտն առաւել աշխոյժ դարձաւ կանանց եւ տղամարդկանց համար կազմակերպւած մրցոյթներով, որոնց շահողները պարգեւատրւեցին յուշանւէրներով:
Վերջում, ձեռամբ Հայր Սուրբի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների եւ Եկեղեցեաց Վարչութեան անդամների յուշանւէրներ յանձնւեցին նախ նորածիններին, ապա՝ նորապսակ զոյգերին, որից յետոյ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը ներկաներին տւեց իր օրհնանքը: Նա սկզբում փոխանցեց Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի հայրական օրհնանքը եւ մաղթանքները, ապա շնորհաւորեց բոլոր նորածինների ծնողներին՝ իրենց ընտանիքները զաւակներով համալրելու կապակցութեամբ ու նորապսակ զոյգերին մաղթեց անսահման սէր, հաւատարմութիւն, փոխզիջում ու փոխհասկացողութիւն: Հոգշ. Հայր Սուրբը վերջում շնորհակալութիւն յայտնեց Կրօնական Խորհրդին, ի մասնաւորի Եկեղեցեաց Վարչութեանը՝ այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար:
«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)