Հինգշաբթի՝ փետրւարի 4-ի առաւօտեան, Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցում, Սրբոց Վարդանանց տօնի առիթով, Ս. Պատարագ մատուցւեց արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի միջոցով:
Արարողութեանը մասնակցում էին քահանայից ու դպրաց դասերը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Համայնքի ժողովրդից բացի, աւանդոյթի համաձայն, Ս. Պատարագին ներկայ գտնւեցին Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների տեսչութիւնները, ուսուցչական կազմերը, Ծնողական խորհուրդներն ու աշակերտութիւնը:
Ս. Պատարագի ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց պատարագիչ Քահանայ Հայրը, ով ակնարկելով հայ ժողովրդի քրիստոնէութեան ընդունմանը, ասաց. «Հայ Ժողովրդին ոչ ոք չկարողացաւ հեռացնել իր հաւատից, քանի որ դա Աստծու նկատմամբ ունեցած հաւատ էր: Ճի՛շտ է, հայ ժողովուրդը պարտւեց Աւարայրի ճակատմարտում, թէեւ մեծաթիւ զոհեր խլեց թշնամուց: Հայն ընկաւ պատերազմում, բայց չուրացաւ իր հաւատը եւ պահեց իր կրօնն ու ազգութիւնը: Եւ դարեր յետոյ հայ ժողովուրդը նոյն այդ ոգով կերտեց Սարդարապատի ու Արցախի հերոսամարտերը»: Քարոզի աւարտին արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանն իր խօսքն ուղղելով ներկաներին, ի մասնաւորի աշակերտութեանը, կոչ արեց՝ լաւ մարդ ու լաւ հայ դառնալու համար ուսումնասիրել Հայոց պատմութիւնը, լաւ ճանաչել մեր նախնիներին եւ յատկապէս ճանաչել հայ ազգի արժէքներն ու արժանիքները:
Վերջում Ս. Հաղորդութիւն ստացան հայոց դպրոցի աշակերտութիւնն ու ներկաները:
«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)