Ուրբաթ եւ շաբաթ յունւարի 22-ին եւ 23-ին՝ Ս. Սարգիս զօրավարի եւ միեւնոյն ժամանակ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, համանուն եկեղեցում հոգեպարար արարողութիւններ մատուցւեցին՝ ուխտաւոր հաւատացեալների մասնակցութեամբ:

Ուրբաթ, կէսօրից յետոյ ժամը 3:00-ին, եկեղեցու շրջափակում, Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի ձեռամբ եւ Թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ կատարւեց Աղօրհնէք եւ ոչխարների զենում, իսկ երեկոյեան ժամը 6:00-ին՝ Հսկումի արարողութիւն: Հսկումի արարողութեան ընթացքում, Սրբազան Հայրն օրւան պատշաճ իր պատգամը փոխանցեց հաւատացեալներին:

Թեմակալ առաջնորդն իր քարոզում անդրադառնալով հաւատի կարւորութեանը, եւ բնաբան ունենալով Պօղոս առաքեալի խօսքը, որտեղ ասւած է. «Հաւատն առանց գործի մեռած է»,  նշեց, որ մարդն իր գործով ու առօրեայ կեանքով պէտք է իր սէրն ու հաւատը ցոյց տայ Աստծու նկատմամբ: Այնուհետեւ անդրադառնալով Ս. Սագրիս զօրավարին ու նրա նահատակւած զինակիցներին, ասաց, որ Ս. Սարգիսը վկան դարձաւ այն հաւատի, որը աշխարհ բերւեց Քրիստոսի միջոցով եւ փոխանցւեց մեզ, որպէսզի ապրենք դրանով, նո՛յն վստահութեամբ մօտենանք Աստծուն, արժեւորենք եւ իմաստաւորենք մեր կեանքը: Սրբազան Հայրն իր պատգամի աւարտին օրհնելով երիտասարդներին, ցանկացաւ, որ սիրոյ բարեխօս Ս. Սարգիսը երիտասարդների բարեխօսը դառնայ Աստծու մօտ՝ նրանց բոլոր իղձերի ու խնդրանքների կատարման համար:

Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան կազմակերպութեամբ եւ յատուկ նշանակւած յանձնախմբի միջոցով, ուրբաթ օրւայ յետմիջօրէից, եկեղեցու շրջափակում սկսւեց հարիսայի պատրաստման աշխատանքը:

***

Շաբաթ՝ յունւարի 23-ի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցում բազմաթիւ հաւատացեալների մասնակցութեամբ, սկիզբ առաւ եպիսկոպոսական սուրբ եւ անմահ Պատարագ՝ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի ձեռամբ, եւ մասնակցութեամբ հոգեւորականաց ու դպրաց դասերի։

Երկօրեայ արարողութիւնների երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ խմբավար Արմէն Ամիրխանեանի։

Ս. Պատարագի ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց գերշ. Սրբազան Հայրը։ Նա ներկաներին ուղղած իր հայրական խօսքի մէջ համառօտ ակնարկ ունեցաւ Ս. Սարգիս Զօրավարի վարքի ու գործունէութեան մասին, եւ սուրբերի կեանքը լաւագոյն օրինակը ներկայացրեց՝ Քրիստոսի ուսուցանած հաւատն ու քարոզած կեանքը վայել կերպով ապրելու եւ արժեւորելու համար։ Գերշ. Սրբազան Հայրն իր խօսքի մի այլ բաժնում խօսելով Ս. Սարգսի նկատմամբ հայ ժողովրդի ունեցած յատուկ վերաբերմունքի մասին՝ իբրեւ սիրոյ եւ երիտասարդների փափագները կատարող սուրբի, մաղթեց, որ սուրբի բարեխօսութեամբ բոլոր հաւատացեալների, ի մասնաւորի երիտասարդների կեանքը ողողւի եւ ուռճանայ աստւածային սիրով եւ հաւատարմութեամբ։

Առաջնորդ Սրբազան Հայրն իր պատգամի աւարտին գնահատանքի խօսք ուղղեց հոգեւորականաց եւ դպրաց դասերին, երգեցիկ խմբին, Կրօնական Խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեանը, Կանանց ու Մատաղի յանձնախմբերին, մատաղացու նւիրողներին, այլ նւիրատուներին եւ բոլոր հաւատացեալներին՝ իրենց զօրակցութեամբ եկեղեցին պայծառացնելու համար։

Ս. Պատարագի աւարտին Ս. Խորան բարձրացան հոգեւորականաց ու դպրաց դասերը, եւ պատարագիչ Սրբազան Հօր նախագահութեամբ Ս. Սարգիս Զօրավարի աջով կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւն։ Օրհնւած ջուրը բաժանւեց ներկայ հաւատացեալներին՝ դառնալու հիւանդութիւնների ու ցաւերի բուժման, դժւարութիւնների փարատման եւ հաւատի հզօրացման միջոց։

Եկեղեցու մէջ տեղի ունեցած արարողութիւններից յետոյ, բակում կատարւեց Մատաղօրհնէք, եւ հարիսայի պատրաստման յանձնախմբի երկօրեայ աշխատանքի հասոյթը օրհնւելուց յետոյ բաժանւեց ժողովրդին։

Նշենք, որ արարողութեանը մասնակցել էին նաեւ Ն.Ջ. Հայոց Ազգային «Արմէն» Տարրական Երկսեռ Համալիրի 6-րդ դասարանցիները իրենց ուսուցիչների եւ Ծնողական խորհրդի ընկերակցութեամբ։

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)