Կիրակի՝ 2016 թւականի յունւարի 3-ի կէսօրին, Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի գլխաւորութեամբ, Պատգամաւորական Ժողովի Դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետեր պրնյք. Վարուժ Մինասեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, Վարուժ Մովսիսեանը եւ Թեմական Խորհրդի անդամ պրն Սարօ Դիլանչեանը այցելեցին Սպահան քաղաքի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. այաթ. Թաբաթաբայիին: Հանդիպման նպատակն էր ազգային իշխանութեան եւ համայնքի անունից աղօթապետին եւ իսլամ հանրութեանը շնորհաւորել իսլամի մարգարէի ծննդեան տօնը:
Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտւեց, որ միաստւածեան կրօնների նպատակներից է աշխարհում խաղաղ եւ համերաշխ կեանք ստեղծել ու տարածել, եւ եթէ յաճախ ականատես ենք լինում կրօնի եւ Աստծու անունով կատարւող ոճրագործութիւններին եւ անմարդկային վերաբերմունքներին, յստակ է, որ այդ արարքները դատապարտելի են եւ հակառակ Աստծու կամքին:
Այաթ. Թաբաթաբային ազգային առաջնորդարանի պատւիրակութեանը եւ նրանց միջոցով համայն հայութեանը շնորհաւորեց Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով եւ յորդորեց, որ քրիստոնեայ աշխարհի հոգեւորականութիւնը իր խրատական եւ դաստիարակիչ խորհուրդներով ու քարոզչութեամբ զգուշացնի յատկապէս մեծապետական երկրների ղեկավարներին՝ հեռու մնալու այն բոլոր արարքներից, որոնք մարդկային կեանքը վտանգի են ենթարկում: Այս կապակցութեամբ առաջնորդ Սրբազան Հայրը յիշեցրեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն իր պաշտօնական բոլոր հանդիպումների ընթացքում, նոյնիսկ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի հետ ունեցած տեսակցութեան ժամանակ, ճիշտ այս ուղղութիւնն է որդեգրել եւ շեշտել, որ գերուժեր պէտք է իրենց գործունէութիւնը կենտրոնացեն՝ ամբողջ աշխարհում խաղաղութիւն եւ համերաշխութիւն ապահովելու համար:
Թեմակալ առաջնորդն իր բարեմաղթանքների աւարտին հրաւիրեց աղօթապետին՝ յարմար առիթով այցելելու Ս. Ամենափրկչեան վանք: