ՆՈՐ ՏԱՐԻ` ՆՈՐ ԿԵԱՆՔ

 

«Աշխատում եմ անցեալը մոռանալ ու նայել գալիքին» (Փլպ 3:13)։

Անցալի եւ ապագայի խաչմերուկին ենք այսօր, երբ կանգնել ենք անցեալի ձեռքբերումների եւ ձախողութիւնների, գալիքի իրագործումների եւ անակընկալների կամրջի վրայ: Մի կողմից նայում ենք արդէն հեռացած անցեալին, միւս կողմից աներեւելի գալիքին: Եւ այսօր այնքան իրական ու գեղեցիկ է հնչում Պօղոս առաքեալի` իր իսկ անձի միջից մեզ փոխանցւող պատգամ-խօսքը.` «Աշխատում եմ անցեալը մոռանալ ու նայել գալիքին» (Փլպ 3.13):

Առաքեալը թելադրում է` ժամանակը լցնել, ժամանակը օգտագործել, ժամանակը իմաստաւորել: Եւ այս իրագործելու համար պէտք չէ արգելափակւել անցեալի մէջ. չյանձւել անցեալի ձախողումներին, անյաջողութիւններին, սխալներին եւ մեղքերին: Առաքեալը ինքզինք նմանեցնում է վազորդի, որը մրցավազքի է մասնակցում: Եթէ վազորդը իր դիմաց ճշտւած նպատակակէտին չնայի, չի կարող յաղթանակի հասնել: Եթէ նա մի պահ յետ նայի, բնականօրէն կը շեղւի իր ճանապարհից, կը դանդաղի իր վազքը եւ չի կարող մրցանակին տիրանալ:

Առաքեալը խորհուրդ է տալիս մեր առօրեայի մէջ մի պահ կանգ առնել եւ քնել ժամանակը: Եթէ Աստւած ներկայ է մեր կեանքում, ժամնակը ճիշտ ձևով կարելի է արժեւորել:

Արդարեւ, առաքեալի թելադրութեամբ գալիքին նայելու համար անհրաժեշտ է պարտաւորեցնել մեզ հիմնական չորս սկզբունքների, եւ դրանք ընդունել իբրեւ կեանքի մարտահրաւէրներ:

Ա. Մոռանալ մեր անյաջողութիւնները եւ լինել ներողամիտ:

Բոլորս էլ անկասկած ունեցել ենք ինչ որ անյաջողութիւններ անցեալ տարում. ճիշտ է, որ այդ անյաջողութիւնները չենք տեսնելու պատմութեան էջերի մէջ կամ նրանք չեն բացայայտւելու այս կամ այն հեռատեսիլի հաղորդման ընթացքում կամ օրաթերթերում, սակայն նրանք հաստատ արձանագրւած են մնալու մեր մտքերում եւ սրտերում:

Շատերիս համար նրանք ցաւոտ յիշողութիւններ են։ Եւ ահա Նոր Տարին լաւագոյն առիթն է խորհրդածելու այն մարտահրաւէրի մասին, որին դէմ հանդիման ենք գտնւում այսօր։ Սա մի շատ կարեւոր պահ է, հաստատակամ ու քաջաբար մենք մեզ ասելու, որ Աստծոյ օգնութեամբ գնալու ենք առաջ, հեռացնելու մեզնից այն մտքերը, որոնք չարչարում են մեզ` արւած կամ չարւած արարքի պատճառով:

Յիսուս Քրիստոս Խաչի վրայ ինքզինք նւիրաբերեց եւ այդ նւիրաբերումը ներողամտութեամբ իր բարձրակէտը ունեցաւ: Մենք եւս, որպէս քրիստոնեաներ պէտք է ընդունենք, որ մեր կեանքի մէջ ներողամտութիւնը իրականութիւն է դառնում Քրիստոսով: Երբ  ընդունենք Քրիստոսի ներողամտութիւնը, դա նշանակում է, որ մենք կարող ենք ներել մեզ եւ մոռանալ մեր անյաջողութիւնները:

Բ. Հրաժարւել ոխակալութիւնից:

Երկրորդ մարտահրաւէրը հրաժաժարումն է ոխակալութիւնից, որ նշանակում է ներել միմիանց: Ի՞նչ է ոխակալութիւնը: Այն մի շարունակական զայրոյթ է, որ յաճախ զարգացնում ենք մեր սրտերում` ընդէմ մէկ ուրիշի: Ոխակալութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ աններող ոգի, որ մեզ տանում է դէպի աններող վերաբերմունքի եւ ի հետեւումն դրա` անկանխատեսելի գործողութիւնների: 

Այն շատ վտանգաւոր է, որովհետեւ ինք իր մէջ աւերիչ յատկութիւններ ունի: Ոխակալութիւնը քանդում է ամուսնական կեանքը, բաժանում է ընտանիքը, կործանում ընկերութիւնը: Այն ո՛չ միայն աւերներ է գործում ուրիշների նկատմամբ, այլ ինքնաւերիչ է, ո՛չ միայն մեզ ֆիզիկապէս քանդում մեզ, այլ բարոյապէս ու հոգեպէս կործանում:

Բնականաբար չենք կարող չմտածել այն վերաբերմունքի մասին, որին արժանացել ենք ինչ-որ մէկի կողմից. երբեք չենք կարող ձեւացնել, որ ոչինչ չի պատահել, բայց կարող ենք պարզապէս ներել:

Նոր Տարին լաւագոյն ժամանակահատւածն է ներելու միմիանց: Երբեք չասենք մեր Տիրոջ` Աստծուն, որ չեմ կարող ներել: Նայենք միայն Խաչի վրայ ցաւատանջ Աստւածորդուն` թէ ինչպէս ներեց մեր մեղքերը, եւ սովորենք կանգ առնել, ոխակալ չլինել, եւ ներել ինչ գնով էլ որ լինի: Հարցումը մեզ այս պահին պատասխանատւութեամբ է հնչում, կարող ե՞նք կատարել: Այո՛:

Գ. Վերականգնել մեր յարաբերութիւնները:

Ներողամտութեամբ մեր առջեւ բացւում է մի նոր կեանք: Մենք ունենք հին եւ նոր յարաբերութիւններ, որոնցից ոմանք կորել են, ոմանք շարունակւում են, ոմանք էլ նոր են: Այս պահին պիտի մտածել վերականգնւու՞մ են մեր յարաբերութիւնները մեր եւ մեր նմանների միջեւ, որոնք սխալ ընթացք են ունեցել մեր կեանքում: Առաքեալը Հռոմէացիներին ուղղւած իր նամակում թելադրում է ` «Ինչքան կարող էք բոլորի հետ խաղա՜ղ ապրեցէք: Վրէժ լուծելու մասին երբեք մի մտածէք, այլ թողէք, որ Աստծոյ բարկութիւնը կատարի այն, որովհետեւ Սուրբ Գրքում Տէրն ասում է. «Ի՛մն է դատելու եւ պատժելու իրաւունքը. ե՛ս եմ հատուցելու»» (Հռ 12.18-19):

Այ՛ո: Նոր Տարին լաւագոյն առիթն է վերականգնելու կոտրւած յարաբերութիւնները: Երբեք չարին չարութեամբ չպատասխանենք այլ «Բարիով յաղթենք չարին»:

Դ. Յետ կենալ օրինազանցութիւններից:

Նոր Տարւայ նախաշեմին մեր մտորումների վերջին մարտահրաւէրը, որին դէմհանդիման ենք գտնւում` չլինել օրինազանց: Առաքեալը հռոմէացիներին ուղղած իր նամակում այս անգամ ասում է.` «Մենք, որ մեռանք մեղքի համար, ինչպէս կարող ենք տակաւին ապրել մեղքի մէջ» (Հռ 6.2)։ Մեր կեանքը կառաւարող ուղղութիւնները օրենքով են եւ օրենքի մէջ: Օրենքն է մեզ պահում կարգապահ մարդ, օրենքով է ձեւաւորւում մարդը, ձեւաւորւում են հասարակութիւններ եւ ժողովուրդներ: Մարդու փրկութեան համար դրւած Աստծոյ մեծագոյն պարգեւներից է օրենքը: Օրինապահ լինել նշանակում է յարգել միմիանց: 

Քրիստոս մեռաւ եւ խափանեց մահւան ուժը, զօրութիւնը:

Հեռու մնանք մեղքի տիրապետութիւնից, մենք մեզ ազատագրենք մեղքի գերիութիւնից, թեթեւացնենք մեզ մեղքի ծանրութիւնից եւ ապրենք մի նոր կեանքով: Ապրենք Քրիստոսի հետ եւ «Կենդանի` Աստծոյ համար, մեր Տիրոջ` Յիսուս Քրիստոսի միջոցով» (Հռ 6:11)։

Այսօր ո՛րքան դժւար է այս չորս սկզբունքներով առաջնորդւել: Եթէ մարդը կարողանայ նման կերպ ապրել իր կեանքը, նման վերաբերմունք որդեգրել նախ իր անձի նկատմամբ, ապա` իր նմանի, հաստատ իմացէք, որ այս աշխարհը խաղաղ, արդար եւ երջանիկ, դրախտային աշխարհի կը վերածւի:

Դժբախտաբար, այսօր ականատես եւ ականջալուր ենք  լինում դժբախտ պատահարների, ոճրային դէպքերի, գազանային վերաբերմունքի, տարբեր միջավայրերում, որոնց դիմաց միայն ու միայն ընդվզում է առաջանում: Ո՞ւր ենք գնում որպէս մարդկութիւն, ի՞նչ ենք փնտռում, ի՞նչի ենք ուզում հասնել: Իշխանութի՞ւն,  հեղինակութի՞ւն, փա՞ռք, պատի՞ւ թէ հարստութի՞ւն: Մի՞թէ այս բոլորին հասնելու համար պէտք է ուրիշին նւաստացնել, մեր նմանի արժանապատւութիւնը սպանել, երկիրներ քանդել, ժողովուրդներ վերացնել ու բնաջնջել: Ո՞վ է իրաւունք տւել մեզ նման կերպ վերաբերւել: Ո՛չ ոք: Աստւած մեզ տւել է ազատ կամք, տւել է միտք ճիշտը ընտրելու, իր կամքը կատարելու,  եւ լաւագոյնին ձգտելու: Ա՛յս է ճանապարհը, որ մեզ կը տանի գերագոյն Բարիին, եւ այն ժամանկ է , որ մենք կը ստեղծենք մեր շուրջ դրախտային մի աշխարհ, ուր կապրենք խաղաղ, համերաշխ եւ երջանիկ:

Յետ չնայենք այլեւս, բայց չանտեսենք էլ  անցեալի սխալներըկամ լաւ կողմերը, այլ դրանցից դաս քաղելով, նայենք գալիքին, աւելի յուսադրւած, աւելի քաջ ու արի, առաւել նորոգւած Աստծոյ օժանդակութեամբ ու ներկայութեամբ` ստեղծելու մի աննման շրջապատ, ընկերութիւն, մարդկութիւն եւ աշխարհ:

Չփախցնենք այս հնարաւորութիւնը: Վերը յիշւած չորս սկզբունքները, որպէս պարտաւորութիւն կատարենք, ներելու մենք մեզ, ներելու ուրիշներին, ովքեր նեղացրել են մեզ, եւ ապրել խաղաղ ամենքի հետ, ամենքի համար: Հայցենք Աստծոյ ներողամտութիւնը եւ հաստատ իմացէք, որ նման դէպքում երկար չենք մնայ մեղքի գերութեան մէջ: 

2015 թւականը մեր ժողովրդի համար կարեւոր մի թւական եղաւ, առաւել եւս պատմական մի անկիւնադարձային հանգրւան` Հայոց Ցեշասպանութեան 100-ամեակի առիթով: Տեղի ունեցան միջոցառումներ, սեմինարներ, գիտաժողովներ` պետական-եկեղեցական թէ ազգային ու միութենական մակարդակներով: Շատ ձեռքբերումներ ունեցանք եւ դեռ կարող ենք ունենալ: Կարեւորը, 100-ամեակից յետոյ նայենք գալիքին, աւելի պրկելու մեր կամքը, աւելի տրամաբանւած գործելու, պայքարելու եւ պահանջելու: Նայենք գալիքին, չշեղւենք մեր ճանապարհից. ազգովին , միասնական ու նպատակադրւած քայլենք հասնելու համար վերջնական եւ փառապանձ յաղթանակի:

Մաղթում եմ, որ 2016 թւականը լինի աշխարհի համար խաղաղութեան ու համերաշխութեան տարի, մարդկութեան համար ողջամտութեան առիթ, հայութեան համար իմաստութեան, իր արդար իրաւունքների ձեռքբերման տարի. իսկ մեր համայնքի համար աղօթքով ցանկանում եմ կայունութիւն, միասնականութիւն, նորանոր վերելք ու պայծառ ապագայ:

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

Սիրոյ ջերմ ողջունիւ,

Աղօթարար`

Բաբգէն Արքեպս. Չարեան

Առաջնորդ Սպահանի Հայոց Թեմի