Ինչպէս տեղեակ էք, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան աղջ. բասկետբոլի խումբը երկրի կանանց բասկետբոլի Ա կարգի լիգայի մրցութիւններում արձանագրած յաղթանակների արդիւնքում, յաջողեց անցնել սուպեր լիգա: Այս յաղթանակը նշելու եւ արժեւորելու նպատակով չորեքշաբթի՝ դեկտեմբերի 23-ի երեկոյեան ժամը 8-ին, միութեան կենտրոնական վարչութիւնն ընդունեց բասկետբոլի խմբի անձնակազմին:

Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Մասիս Մինասեանը Վարչութեան անունից շնորհաւորելով մարզկուհիների նւաճած ձեռքբերումը, իր ուրախութիւնը յայտնեց այդ կապակցութեամբ՝ այն համարելով միասնական աշխատանքի արդիւնք եւ միութեան յաղթանակը եւս: Նա ուրախութեամբ եւ հպարտութեամբ անդրադարձաւ բասկետբոլի բնագաւառում տեղի ունեցող սերնդափոխութեանը եւ նշեց. «քանզի երկրի մակարդակում «Արարատ»-ը միշտ փայլել է իր մարզիկ-ուհիների նւաճած յաղթանակներով, մասնաւորապէս բասկետբոլի բնագաւառում ունեցել է ակնառու մարզիկներ, ովքեր մեծ յաջողութիւններ են արձանագրել»:

Այնուհետեւ Կենտրոնական վարչութեան անդամ Այլին Մելիքեանը, որպէս վաստակաւոր բասկետբոլիստուհի, իր հերթին շնորհաւորելով խմբի յաղթանակը, յայտնեց, որ այդ կարգի խաղերին մասնակցելը բնականաբար մեծ գումարներ է պահանջում, որի ուղղութեամբ մեծ ներդրում է կատարել Միութիւնը: Նա վստահեցրեց, որ այուհետ եւս նրանց թիկունքին են լինելու Կենտրոնական եւ Մարզական միաւորի վարչութիւնները եւ ոչ մի ջանք չեն խնայելու յետագայ մրցութիւններին ապահովելու խմբի մասնակցութիւնը:

Խմբին ցուցաբերած համգործակցութեան եւ հովանաւորութեան առթիւ շնորհակալական խօսքով հանդէս եկան մարզումների պատասխանատու Տարօն Բաղումեանը, խմբի մարզիչն ու մարզուհիներից մի քանիսը:

Յաջորդիւ Կենտրոնական վարչութեան եւ Մարզական միաւորի վարչակազմի անունից խմբի անձնակազմը պարգեւատրւեց գնահատագրերով եւ յուշանւէրներով: Հանդիպման աւարտին տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

 

Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան թղթակից

Երանուշ Թահմազեան

Լուսանկարները՝ հեղինակի