Փերիոյ Կրթասիրաց միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ, ուրբաթ, նոյեմբերի 20-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան դահլճում յուշերեկոյ տեղի ունեցաւ՝ ի յիշատակ Նոր Ջուղայի հայոց ագզային դպրոցների վաստակաւոր ուսուցչուհի եւ նոյն միութեան գեղարւեստական ծրագրերի տարիների պատասխանատու՝ Անահիտ Կիրակոսեան-Տէր-Գրիգորեանի: Միջոցառմանը ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, քահանայից դասը, հանգուցեալի հարազատները եւ բարեկամները, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

Ծրագրի սկզբում ներկանները դիտեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի արտայայտած դամբանական խօսքի տեսանիւթը՝ Անահիտ Կիրակոսեանի մահւան կապակցութեամբ, ինչպէս նաեւ հատւածներ այն ձեռնակրկներից, ուր տկն. Անահիտը հանդէս էր եկել հանդիսավարութեամբ կամ պարսկերէն ու հայերէն լեզուներով բանաստեղծութիւնների ասմունքներով:

Այնուհետեւ Փերիոյ Կրթասիրաց միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Հայկ Հայրապետեանն իր ելոյթում, Անահիտ Կիրակոսեանի մահւան առաջին տարելիցի առթիւ յուշերեկոյի կազմակերպումը միութեան պարտքը համարելով եւ գնահատելով նրա նւիրական վաստակը, ուսուցչուհու մահը մեծ կորուստ համարեց դպրոցի եւ միութեան համար եւ ասաց, որ թէեւ նա ֆիզիկապէս բաժանւած է մեզանից, սակայն նրա թողած յիշողութիւնը՝ իր վառ անհատականութեամբ, միշտ կը մնան մեզ հետ:

Պրն. Հայրապետեանն իր խօսքի աւարտին շնորհակալական խօսք ուղղեց յուշերեկոյի գեղարւեստական բաժնի պատասխանատուներ՝ դոկտ. Սիլւա Ալլահվերդեանին եւ Արթին Քեշիշեանին ու դերակատարներին, ինչպէս նաեւ հանդիսատեսին, ովքեր իրենց ներկայութեամբ յարգել էին ուսուցչուհու յիշատակը:

Յաջորդ բաժնում նրա աշակերտներից Վանէ Շահնազարեանը հանդէս եկաւ դպրոցում ուսուցչուհի Անահիտից ունեցած գեղեցիկ յուշերով: Խորհուրդով լեցուն երեկոն առաւել յուզիչ եւ տպաւորիչ դարձաւ վաստակաւոր ուսուցչուհու ամենասիրած երգ-երաժշտութիւնների եւ բանաստեղծութիւնների կատարումներով: Այս շրջագծում դաշնամուրի կատրմամբ հանդէս եկաւ երաժիշտ դոկտ. Արբի Բաբումեանը՝ ընկերակցութեամբ Մելինէ Հայրապետեանի ֆլէյտայի նւագակցութեամբ: Երգեր կատարեցին՝ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանն ու մեներգիչ Մելանի Յովհաննիսեանը, իսկ ասմունքներով հանդէս եկան՝ Սոնիա Դիլանչեանը, Մարտունի Խաչիկեանը եւ Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» Ասմունքի խմբի անդամուհիներ՝ Վանիա Պետրոսեանը, Նարեգա Սիմոնեանը, Վանա Զոհրաբեանը եւ Մեղրի Կարապետեանը:

Ընթացքում ընթերցւեցին հանգուցեալի անթառամ յիշատակին նւիրւած խօսքեր. Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի խօսքը՝ ընթերցեց Սոնիա Դիլանչեանի, իսկ համալսարանի վաստակաւոր դասախօս Ազատ Մաթեանինը՝ Վեհանուշ Խուդաբախշեանի միջոցով:

Միջոցառման եզրափակիչ խօսքում, թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրն դրւատեց Փերիոյ Կրթասիրաց միութեան վարչութեանը՝ յուշերեկոյի կազմակերպման համար եւ գեղարւեստական բաժնի մասնակիցներին, ովքեր իրենց ելոյթներով իմաստաւորեցին երեկոն: Այնուհետեւ Սրբազան Հայրն իր խօսքի շարունակութեան մէջ ասաց, որ Աստւած իւրաքանչիւրիս մի շնորք է պարգեւել, որը պէտք է զարգացնենք, իմաստաւորենք եւ այն ի սպաս դնենք մեր հասարակութեանը եւ շրջապատին: Նա նշելով, որ պէտք է վարենք Աստւածայաճոյ ու մեր պարագային հայավայել կեանք, այդ առումով գնահատեց հանգուցեալ Անահիտ Կիրկոսեանի մարդկային բարձր արժանիքները եւ Աստծուց հայցեց նրա հոգին երկնային խաղղաութեան մէջ հանգչեցնի, իսկ հարազատներին Ս. Հոգով մխիթարի:

Վերջում միութեան Կանանց միաւորի միջոցով տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

 

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան