Կիրակի՝ նոյեմբերի 15-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն սրբազան արք. Չարեանի եւ ձեռամբ արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի, կիրակնօրեայ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, որին մասնակցում էին Տ. Արտակ վրդ. Արաբեանը եւ դպրաց դասը: Երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդ գերշ. Սրբազան Հայրը ներկաներին ուղղւած իր քարոզում, բնաբան ունենալով Քրիստոսի «Ով որ ձեր մէջից փոքրագոյնն է, նա է մեծը» խօսքը, Տիրոջ պատգամը հետեւեալ կերպ մեկնաբանեց. «Մարդիկ պէտք է անդրադառնան այս խօսքի կարեւորութեանը եւ այս խօսքով ապրեն: Այսօր յաճախ տեսնում ենք, որ մարդը մեծութիւնը տեսնում է փառքի, դիրքի, աթոռի, ուժի եւ հարստութեան մէջ: Քրիստոսը եկաւ յեղափոխելու մարդկանց մտածողութիւնը եւ ասելու, որ մեծութիւնը մարդկանց խոնարհութեան, ծառայութեան եւ նւիրումի մէջ է: Երբեմն մարդը փորձում է միւսների աչքին բարձրանալ, սակայն ինչպէս Քրիստոսն է ասել՝ նա, ով իր անձը կը բարձրացնի պիտի խոնարհւի, իսկ նա, ով իր անձը խոնարհեցնի, պիտի բարձրանայ»: Քարոզի մի այլ բաժնում գերշ. Սրբազան Հայրն ակնարկելով աշխարհում տեղի ունեցող վերջին ոճրագործութիւններին, դատապարտեց դրանք՝ բարձրեալից հոգու խաղաղութիւն խնդրելով զոհւածների համար: Գերշ. Տ. Բաբգէն սրբազան արք. Չարեանն իր խօսքի աւարտին դրւատանքով արտայայտւեց Հայ կանանց գթութեան միութեան հիմնադրման նպատակների եւ 100-ամեայ ծառայութեան մասին:
Յաւարտ սուրբ Պատարագի, Ն.Ջ. Հայ կանանց գթութեան միութեան հիմնադրման 100-ամեակի առիթով տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ նոյն միութեան ննջեցեալ հիմնադիրների, անդամուհիների եւ բարերարների եւ նրանց հոգիների խաղաղութեան:
Արարողութեան աւարտին Հայ կանանց գթութեան միութեան կազմակերպութեամբ, եկեղեցու սրահում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի ընթացքում արտայայտւեց միութեան վարչութեան նախագահ Արմինէ Սիմոնեանը: Նա անդրադառնալով միութեան հիմնադրման գաղափարներին եւ հիմնադիր սերնդի ու բարերար անդամուհիների կողմից ծաւալած մարդասիրական եւ հայրենասիրական լայն գործունէութեանը՝ ընդգծեց. «Այսօր, մենք՝ Կանանց գթութեան միութեան անդամուհիներս, մեր ուխտը վերանորոգելով՝ հաւաստիացնում ենք բոլորիդ, որ կառչած ենք մնալու միութեանս հիմնադիր սերնդի սրբազան գաղափարին ու շարունակելու ենք նրանց երթը, որպէսզի նրանց արժանի զաւակները կոչւենք»:
Վերջում գերշ. Սրբազան Հայրն իր հայրական օրհնանքը փոխանցեց միութեան անդամուհիներին, ապա միջոցառումն աւարտւեց «Կիլիկիա» երգով՝ ներկաների միասնական երգեցողութեամբ: