Թւականիս հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ բանախօսական եւ գեղարւեստական յայտագրով հագեցած ձեռնարկ` նւիրւած Ս. Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօնին: Նախաձեռնութիւնը միութեան Մշակութային միաւորի վարչութեանն էր, որին ներկայ էին Սպահանի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, քահանայից դասից, ազգային իշխանութեան ներկայացուցիչները, Հայ դատի շրջանիս յանձնախմբի ներկայացուցիչը, մշակութային ասպարէզում աշխատողներ եւ այլ ներկաներ:
Օրւայ առթիւ հրաւիրւած էր բանախօսելու Շահինշահրի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը: Բանախօսն իր ելոյթի սկզբում Հայոց պատմութեան իմացութիւնն ու մեր մեծերի անձն ու գործը ճանաչելը պարտադիր համարեց իւրաքանչիւր հայի համար, ապա իւրովի մեկնաբանութեամբ անդրադարձաւ Մեսրոպ Մաշտոցի անզուգական ու բացառիկ դերակատարութեանը՝ մեր ազգի ճակատագիրը կերտելու եւ հետագայ ժամանակների համար ուղիներ հարթելու համար: Նա հետաքրքիր մէջբերում կատարելով Մ. Մաշտոցի ծննդեան 1600-ամեակի առթիւ Պ. Սեւակի հնչած խօսքերից, որտեղ ասում է «Աւարայրի ճակատամարտը, ըստ էութեան տեղի ունեցաւ, ոչ թէ 451 թւին, այլ մօտաւորապէս կէս դար առաջ, Գողթան գաւառի այն քարանձաւներում, որտեղ Մաշտոցը վճռել էր հոգալ իր ժողովրդի փրկութեան մասին...», այս խօսքը մանրամասնելու եւ Մեսրոպ Մաշտոցի գործի բացառիկութիւնն՝ իր նշանակութեամբ հասկանալու համար, անդրադարձաւ 387 թւականին Հայաստանի բաժանմանը Պարսկաստանի եւ Բիւզանդիայի միջեւ եւ ասաց. «Մեսրոպեան գրերով ստեղծւում են ազգային ինքնութեան ու հաւատքի պահպանման այն ազդակները, որոնք հայ զինւորին առաջնորդելու էին Աւարայրի ճակատամարտում եւ ճիշտ է ասւել, որ Վարդանանց հետ կռւել են նաեւ հայոց գրերը, ուրեմն, կռւել է նաեւ ինքը՝ Մեսրոպ Մաշտոցը»: Հետաքրքիր մէջբերումներ կատարեց նաեւ գերմանացի գիտնական-հայագէտ Մարկ Վարտի, ֆրանսացի հայագէտ Ֆրեդրիկ Ֆէյդի եւ հունգարացի բանասէր դոկտ. էդմոնդ Շուցի մտքերից, որոնք ուղղւած էին հայոց լեզւի առանձնայատկութեանն ու Մ. Մաշտոցի սքանչելի ստեղծագործութեանը: Մէջբերումներ կատարելով Խորենացու եւ Մաշտոցի աշակերտ՝ Կորիւնի վկայութիւններից, ասաց. «Մաշտոցը լուծում էր՝ ոչ այնքան մշակութային եւ հոգեւոր խնդիրները, որքան քաղաքական խնդիրը, որով նրա պատւելի անձը, պարզապէս գիր ստեղծողից վերածւում էր խորաթափանց քաղաքագէտի, եւ կատարած գործն էլ դառնում էր քաղաքագիտական խոշոր յաղթանակ»: «Մաշտոցը, ոչ միայն եկեղեցական, այլ նաեւ պետական խոշոր գործիչ էր՝ իր աշխարհահայեացքով, կենսագրութեամբ եւ իր յստակ գործերով եւ պատահական չէր, որ նա պետական ծառայութեան է ընդունւում Արշակունեաց արքունիքում»,- յաւելեց բանախօսը: Բանախօսը Մաշտոցին որակեց, որպէս հմուտ քաղաքագէտ, դիւանագէտ, մեծ հեղինակութիւն վայելող զինւորական, պետական գործիչ, երաժիշտ եւ առաջին լեզւաբան: «Մաշտոցը հանճար էր. նա եղաւ մեծ սկիզբ, բայց եւ դարձաւ մեծ շարունակութիւն եւ դրանում է նրա բացառիկութիւնը»,- ընդգծեց նա:
Գեղարւեստական բաժնում, Միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթը գեղարւեստական ղեկավարութեամբ ասմունքի խմբի պատասխանատու Ռիմա Սիմոնեանի եւ խմբի աւագ անդամուհի Կարին Տէր-Մարտիրոսեանի, ասմունքի եւ պարի համադրութեամբ բեմականացրեց «Մեծ ջահակիրը» խորագրով կոմպոզիցիան, որն ինքնատիպ համադրութիւն էր իրանահայ բանաստեղծ Վարանդի եւ հատւածներ Պարոյր Սեւակի ու այլ ականաւոր բանաստեղծների քերթւածներից, որը զուգորդւած էր հայ ժողովրդի լուսաւորութեան ու ինքնութեան խորհրդանիշ՝ Մեսրոպաստեղծ ոսկեղնիկի հերթական էկրանաւորմամբ եւ Մ. Մաշտոցի հոգեկան ապրումները ներկայացնող մենապարով, ինչը ամփոփւեց «Լոյս»-ի պարով եւ պատահական չէր, որ բեմում գերակշռող գոյնը սպիտակն էր ու ոսկեգոյնը: Բեմային ծրագիրը աւարտւեց «Կռունկ» պարախմբի պարային համարով՝ պարուսոյց Յակոբ Մարգարեանի բեմադրութեամբ :
Ծրագրի աւարտին թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրն եզրափակիչ խօսքում իր հիացմունքը յայտնեց կազմակերպւած միջոցառման եւ Մշակոյթի տօնին ուղղւած այլ տօնախմբութիւնների կապակցութեամբ: Նա իր գնահատանքի խօսքն ուղղեց օրւայ բանախօսին՝ տարբեր մoտեցումով եւ իր մտածումներով ու ստեղծագործութեամբ Մ. Մաշտոցի անձն ու գործը ներկայացնելու համար, նաեւ գնահատանքի խօսք ուղղեց գեղարւեստական յայտագրի մասնակիցներին ու պատասխանատուներին, որոնք երգի, պարի ու խօսքի մջոցով, գեղեցկօրէն փոխանցեցին իրենց պատգամը: Գերշ. Սրբազան Հայրը խօսելով օրւայ խորհրդի մասին, ասաց, որ եթէ ամէն տարի մենք նշում ենք «Հայ Մշակոյթի օր»-ը, դա միայն յիշելու համար չէ, այլ նաեւ միտւած է արժեւորելու, բարձրաձայնելու եւ այդ նոյն ոգով շարունակելու մեր յաղթական երթը: Սրբազան Հայրն իր խօսքը աւարտեց Հայ Մշակոյթի, Ս. Թարգմանչաց եւ Ուսուցչաց տօների առթիւ շնորհաւորական խօսքերով:
Նշելի է, որ երեկոյի իրականացմանը իրենց համագործակցութիւն էին բերել Ս.Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախմբի ղեկավար Արմէն Ամիրխանեանը, Հարմա Կարապետեանը (երաժշտութիւն), Վերգինէ Միրզախանեանը (թեմատիկ պատկերների պատրաստում եւ էկրանաւորում), Նայիրի Այւազեանը եւ Ռազմիկ Նազարեանը (բեմայարդարում), Ասպետ Սիմոնեանը եւ Սեւադա Խաչիկեանը (հնչունային եւ լուսային համադրում)։