Կիրակի՝ թւականիս հոկտեմբերի 11-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում մատուցւեց Ս. եւ անմահ Պատարագ՝ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ, արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի մասնակցութեամբ եւ «Նարեկ» երգչախմբի երգեցողութեամբ:
Օրւայ խորհրդին ներկայ էին Շահինշահրի Հայ համայնքի վարչութիւնը, Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան անդամները, «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի, «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների ուսուցչական կազմերն ու աշակերտութիւնը, ծնողները եւ համայնքի անդամները:
Օրւայ առիթով հոգշ. Հայր Սուրբն իր մեծարանքի խօսքն ուղղելով հայ գիր ու գրականութեան հիմնադիր՝ Ս. Մեսրոպ Մաշտոցին եւ թարգմանիչ վարդապետներին՝ յորդորեց հայ աշակերտներին անաղարտ պահել հայոց լեզուն, բարձր պահել հայ գիրն ու գրականութիւնը եւ ձիգ դարերի խորքից ժառանգած՝ մշակութային գանձարանը: Նա ինչպէս միշտ պատգամեց հայ աշակերտին, հայ ծնողին եւ առհասարակ իւրաքանչիւր հայորդու հանդիսանալ հայ լեզւի ու գրականութեան ջահը վառողը, մեծ յանձնառութեամբ պահել ու պահպանել մեսրոպեան աւանդը, լինել ազգասէր, հայրենասէր եւ հայ մշակոյթի ջատագովն ու տարածողը: Նա իր խօսքում ընդգծեց. «Արդի աշխարհում օտար մշակոյթներին կուլ չգանալու համար պահանջւում է իւրաքանչիւր հայորդի առանձնակի ուշադրութիւն սեւեռի սեփական ազգային-մշակութային եւ կրօնական արժէքների վրայ»:
Հայր Սուրբն իր խօսքը եզրափակեց բոլոր ներկաներին շնորհաւորելով Սրբոց Թարգմանչաց տօնը, Հայ Մշակոյթի օրը եւ Հայ Ուսուցչի տօնը:
Այնուհետեւ բարձր գնահատելով արժն. Տ. Մեսրոպ աւ. Քհնյ. Գալստանեանի երկար տարիների կատարած քահանայական ծառայութիւնը՝ համայնքիս, շնորհաւորեց Քահանայ Հօր անւանակոչութեան տօնը՝ մաղթելով նրան երկարակեցութիւն եւ քահանայական բարի ծառայութիւն:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ, հոգշ. Հայր Սուրբն այցելեց «Սրբոց Վարդանանց» դպրոցը, որտեղ աշակերտ-ուհիները Ուսուցչական կազմի նախաձեռնութեամբ, օրւայ առիթով պատրաստած ելոյթով ջերմօրէն դիմաւորեցին նրան՝ ձօնելով իրենց երգ ու ասմունքը հայ դպրութեան հիմնադիրների փառաւոր յիշատակին: Գեղարւեստական ելոյթի աւարտին աշակերտ-ուհիները լուսանկարւեցին հոգշ. Հայր Սուրբի հետ:
Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան թղթակից՝
Վ. Յարութիւնեան