Ուրբաթ` սեպտեմբերի 25 կէսօրից յետոյ ժամը 3-ին, Ս. Գէորգ Զօրավարի նախատօնակին, Նոր Ջուղայի համանուն եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ մասնակցութեամբ հոգեւորականաց դասի ու հաւատացեալ ժողովրդի տեղի ունեցաւ աղօրհնէք եւ ոչխարների զենում:

Սրբազան Հայրն աղօրհնէքից յետոյ աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ  բոլոր ուխտաւորների փափագն իրականացնի եւ հիւանդներին առողջութիւն պարգեւի: Այնուհետեւ նա ներկաներին ուղղւած իր պատգամում ասաց. «Երբ նոր օրհնւած միւռոնով օրհնւած ջուրը խմենք եւ մատաղը ճաշակենք, պիտի կարողանանք մաքրւել, սրբւել, նորոգւել եւ Տիրոջ ներկայութիւնն զգալով՝ աստւածահաճոյ կեանք ապրել»:

Նոյն օրը երեկոյեան ժամը 6-ին, առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն: Իսկ ուխտաւորները իրենց խորհուրդը կատարեցին մատաղացուներ նւիրաբերելով եւ դրամական նւիրատւութիւններով:

Շաբաթ՝ սեպտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 9-ին, առաջնորդ Սրբազան Հօր՝ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի ձեռամբ, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի, թեմիս քահանայից եւ դպրաց դասերի մասնակցութեամբ Ս. եւ անմահ Պատարագ մատուցւեց Ս. Գէորգ Զօրավարի տօնի առթիւ, ուր նշւեց նաեւ Ս. Գէորգ եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Յընթացս եպիսկոպոսական հանդիսաւոր պատարագի Սրբազան Հայրը հաւատացեալներին փոխանցեց իր պատգամը՝ աւետարանական հետեւեալ խօսքով՝ «Մի վախեցէ՛ք նրանցից, որոնք կարող են ձեր մարմինը սպանել: Վախեցէ՛ք Աստծուց, որ սպանւելուց յետոյ կարող է դժոխք գցել ձեզ»: Ապա իր պատգամի շարունակութեան մէջ թեմակալ առաջնորդն ասաց. «Այս նախադասութիւնը բոլոր սուրբերի կեանքի նշանաբանն է դարձել: Մեր սուրբերը երբեք չեն վախեցել, երբ իրենց մարմիններին վտանգ է սպառնացել, երբէք չեն վախեցել նրանցից, ովքեր կարողացել են իրենց մարմիններն սպանել: Վկայ մեր ժողովրդի պատմութիւնը: Մեր ժողովուրդը դեռ դարեր շարունակ նոյն նշանաբանով ու հոգով ապրել եւ պայքարել է: Նրանցից մէկն էր Ս. Գէորգ զօրավարը»: Այնուհետեւ Սրբազան Հայրն ակնարկ ունենալով զօրավարի կեանքին՝ ժողովրդին յորդորեց քայլել նրա ճանապարհով՝ հաւատալով ու ընդունելով Յիսուս Քրիստոսին՝ որպէս Աստծոյ որդի: 

Վերջում գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը շնորհաւորանքի խօսք ուղղելով եկեղեցու անւանակոչութեան կապակցութեամբ՝ գնահատեց թեմի հոգեւորականաց դասին, Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, հարիսայի պատրաստման յանձնախմբին, կանանց յանձնախմբերին, նւիրատուներին եւ բոլոր նրանց ովքեր աջակից են եղել տօնի պատշաճ կազմակերպման գործում:

Պատարագից յետոյ տեղի ունեցաւ ջրօրհնէքի արարողութիւն, որը կատարւեց Ս. Գէորգ զօրավարի աջի օրհնութեամբ եւ շաղախւեց Անթիլիասում վերջերս օրհնւած միւռոնով:

Այնուհետեւ երգեցիկ խմբի եւ հոգեւորականաց դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ Սրբազան Հայրն այցելեց եկեղեցու բակ, որտեղ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնւեց Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ եւ հարիսայի յանձնախմբի միջոցով պատրաստւած հարիսան եւ բաժանւեց հաւատացեալների միջեւ:

 
«Ալիք» օրաթերթի թղթակից-Նոր Ջուղա