Շաբաթ, սեպտեմբերի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում տեղի ունեցած կիրակնամուտի ժամերգութեան աւարտին, Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամը՝ ուղղւած հայ ժողովրդին: Սոյն պատգամը Վեհափառ Հայրապետի թելադրանքով, օգոստոսի 22-ին, ընթերցւել էր Սիսի կաթողիկոսարանի մայրավանքի աւերակներում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբաններից կազմւած պատւիրակութեան միջոցով:
100 տարիներ անց Սիսի փլատակներում հնչած հայրապետական այս պատգամը անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան 1.5 միլիոն անմեղ զոհերին եւ այդ շրջագծում հայ եկեղեցու կորուստներին ու կրած նիւթա-բարոյական ահռելի վնասներին՝ պահանջում էր Սիսի դարաւոր կաթողիկոսարանի վերադարձը եւ վերահաստատում էր հայ ժողովրդի արդար պահանջատիրութիւնը:
Արարողութեանը ներկայ էին՝ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, դպրաց դասը, ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:
Ալիքի թղթակից (Նոր Ջուղա)