Իրանահայերը բազմաթիւ անգամներ գիտական ասպարէզում յաջողութիւններ արձանագրելով՝ դարձել են ոչ միայն իրենց ընտանիքների, այլեւ համայնքի հպարտութեան առիթը: Այդ թւում է գտնւում ճարտարագէտ-գիւտարար Ռուբէն Մինասեանը, ով արդիւնաբերութեան ոլորտում իր բացառիկ գիւտով՝ արժանացել է մասնագէտների եւ գիտնականների ուշադրութեանն ու գնահատանքին:
Երիտասարդ էլեկտրաճարտարագէտը հետազօտական լայն աշխատանքների արդիւնքում յաջողել է ստեղծել մի սարք, որի միջոցով հնարաւոր է ամենակարճ ժամանակահատւածում եւ ամենասակաւ վճարումով ստուգել ու տարանջատել ինքնաշարժի շարժիչի պտոյտի, արագաչափի եւ թթւածնի սենսորների էլեկտրոնային շրջաններում (دستگاه تست و تفکیک کننده نوع عیب در مدار سنسور اکسیژن، کیلومتر و سنسور دور موتور در خودرو) առաջացած թերութիւնները: Իր տեսակի մէջ եզակի այս բացառիկ գիւտի օգտագործման դիւրին եղանակի ու մատչելի գնի շնորհիւ նախատեսւում է գործիքը լայն ընդառաջում գտնի օգտատէրերի կողմից:
Իրանական 1393 թւականի ազար ամսին սարքը ներկայացւել է Հնարամիտների ազգային հիմնարկի (بنیاد ملی نخبگان) ամենամեայ գիւտերի փառատօնին, որտեղ էլ արժանացել է իրաւարարների յատուկ գնահատագրին, իսկ նոյն թւականին այս նորարարութիւնը որպէս գիւտ հաստատւել է Երկրի կալւածների եւ փաստաթղթերի գրանցման (سازمان ثبت اسناد و املاک کشور) կազմակերպութեան կողմից եւ ստացել համապատասխան հաստատագիր՝ 82644 գրանցման համարի ներքոյ: Սպահանի Թեթեւ փոխադրամիջոցների տեխնիկական ծառայութիւնների արհմիութեան (اتحادیه صنف خدمات فنی وسائط نقلیه سبک) մասնագէտների գրաւոր գնահատմամբ եւս Ռուբէն Մինասեանի գիւտը դիտւել է որպէս նորարարութիւն եւ եզակի նմուշ, քանի որ դրա միջոցով կարելի է տնտեսել ինքնաշարժի սեփականատիրոջ ժամանակն ու գումարը:
Սարքի ստեղծման գործում գիւտարարի հետ համագործակցել է իր կրտսեր եղբայրը՝ Արմօ Մինասեանը, որը նոյնպէս էլեկտրաճարտարագէտ է:
Երիտասարդ գիւտարարին ընթերցողներին առաւել ծանօթացնելու նպատակով՝ ստորեւ ներկայացնում ենք նրա ամփոփ կենսագրականն ու իրագործած հետազօտական աշխատանքները:
Ռուբէն Մինասեանը ծնւել է 1988 թւականին Նոր Ջուղայում: Իր նախնական կրթութիւնն ստացել է Ն. Ջ. հայոց ազգային «Արմէն» տարրական ու «Կատարինեան» ուղեցոյց դպրոցներում, իսկ միջնակարգը՝ «Փուեանդեգան»-ում, որտեղից էլ ստացել է դիպլոմ թւաբանութեան ճիւղում: Բարձրագոյն կրթութեան նկատմամբ սէրը երիտասարդին մղում է ուսումը շարունակելու համալսարանում եւ մասնակցելով պետական համալսարանների մուտքի քննութիւններին, ընդունւում է Շահրեքորդի Պետական համալսարանի էլեկտրաճարտարագիտութեան ճիւղում (مهندسی برق) եւ շրջանաւարտ դառնում գերազանց գնահատականներով: Լիսանսի մակարդակում ուսանելու ընթացքում որպէս առնչւող գիտաշխատութիւն՝ Ռուբէնը նախագծել եւ ստեղծել է ինքնաշարժի վերահսկման էլեկտրոնիկ համակարգն ստուգող թւային սարք (دستگاه دیجیتال تست دستگاه الکترونیک کنترل خودرو):
Ապա 2011 թւականին, մասնակցելով գերլիսանսի մակարդակի մուտքի քննութիւններին, նրան յաջողւում է նւաճել կոնկուրսի 291-րդ տեղը եւ ընդունւել Սպահանի Պետական Արդիւնաբերական համալսարանի (دانشگاه صنعتی اصفهان) Էլեկտրաճարտարագիտութեան ճիւղում՝ հակակշռման թեքումով (گرایش کنترل), որը նոյնպէս աւարտում է գերազանց միջինով: Նա որպէս գերլիսանսի աւարտաճառի նիւթ ուսումնասիրել եւ մոդելաւորել է արեան գլուկոզայի մակարդակի ազդեցութիւնը մարդու հիւսւածքների վրայ՝ գլուկոզայի մակարդակը օպտիկալ ձեւով (առանց արեան օրինակի առկայութեան) չափելու նպատակով:
Ճարտարագէտի առաջին գիւտը եղել է երրորդ անձի ապահովագրութիւն չունեցող մոտորսիկլետների եւ ինքնաշարժերի երթեւեկութիւնը վերահսկող էլեկտրոնիկ համակարգի (برد الکتریکی جهت کنترل حرکت خودروها و موتور سیکلتهای فاقد بیمه نامه شخص ثالث) ստեղծումը, որը գրանցւել է Երկրի կալւածների եւ փաստաթղթերի գրանցման կազմակերպութեան կողմից՝ իրանական 1391 թւականին, 77640 գրանցման համարի ներքոյ:
Ռուբէնն ուսանողական տարիներին անհատական գիտաշխատութիւնների կողքին համագործակցել է մի շարք խմբական հետազօտական աշխատանքներում, որոնց շարանում կարելի է թւարկել հետեւեալը.
Անգլիայի «Ֆորմուլա» մրցաշարին մասնակցող Սպահանի Արդիւնաբերական համալսարանի «Ֆորմուլ» անւամբ ինքնաշարժի հիմնական նախագծող խմբին մաս կազմելով՝ նախագծել եւ ծրագրաւորել է սոյն մեքենայի էլեկտրոնիկ համակարգը:
Անդամակցելով Սպահանի Պետական եւ Սպահանի Արդիւնաբերական համալսարանների համատեղ հետազօտական խմբին, ակտիւ գործունէութիւն եւ դերակատարութիւն է ցուցաբերել ինսուլինի աւտոմատ սրսկման սարքի նախագծման եւ օպտիկալ ձեւով արեան գլուկոզայի մակարդակը ճշտող սարքի ստեղծման ծրագրում:
Ռուբէն Մինասեանը գիտական ասպարէզում յաջողութիւններ արձանագրելուց բացի՝ դեռ պատանի հասակից աշխոյժ գործունէութիւն է ծաւալել նախ «Թադէոս Թադէոսեան» պատանեկան, ապա «Ռուբէն» երիտասարդական միութիւններում: Նա անդամակցելով Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորին՝ մէկ շրջան ընտրւել է սոյն միաւորի վարչութեան անդամ: Ռուբէնը մէկ շրջան եղել է նաեւ Սպահանի հայոց թեմի Երիտասարդական խորհրդի անդամ, որի աշխատանքային հիմնական առանցքն է կազմել թեմի երիտասարդներին յուզող խնդիրների ախտորոշումն ու դրանց լուծման ուղղութեամբ ծրագրերի մշակումը:
Երիտասարդ ճարտարագէտ-գիւտարարը խոստովանում է, որ իր փայլուն յաջողութիւնների համար խորապէս երախտապարտ է իր ծնողներին, ովքեր ջանք չեն խնայել իր դաստիարակութեան, կրթութեան եւ առաջադիմութեան ուղղութեամբ:
Նորանոր յաջողութիւններ ցանկանալով Ռուբէն Մինասեանին՝ մաղթում ենք նրան կանաչ ճանապարհ եւ մասնագիտական ասպարէզում բեղուն գործունէութիւն:
Ալիքի Թղթակից (Նոր Ջուղա)