Կիրակի՝ օգոստոսի 30-ին, կառավարութեան շաբաթւայ առթիւ, Փերիա գաւառի հայաբնակ Բոլորան գիւղում, վերանորոգումից յետոյ վերաբացւեց «Խանէ Բեհդաշթ» անւամբ առողջապահութեան կենտրոնը: Շէնքը հիմնական վերանորոգւել է եւ կենտրոնն օժտւել է մի շարք բժշկական արդիական սարքերով, որոնց համար անհրաժեշտ ֆինանսաւորումները կատարւել են երկրի Առողջապահութեան նախարարութեան միջոցով:
Բացման հանդիսութեանը ներկայ էին` Բուին-Միանդաշթ քաղաքի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Ռաշւանդին, արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, Իսլ. խորհրդարանում Փերիոյ շրջանի պատգամաւոր պրն. Ասֆանանին, Բուին-Միանդաշթ քաղաքի գաւառապետ պրն. Թահանիանզադէն, առողջապահութեան ցանցի տնօրէն դկտ. Քէյխային, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի Փերիոյ շրջանի պատգամաւոր Ջանի Նազարեանն ու գիւղի հայ բնակիչները:
Սկզբում մուտքի ժապաւէնը հատւեց պաշտօնական հիւրերի միջոցով, որից յետոյ ներկաներն առիթ ունեցան ականատեսը լինելու վերանորոգւած շէնքի եւ նոր հանարաւորութիւնների:
Բացման ծրագրի շարունակութեան մէջ շնորհաւորանքի խօսքով ու բարեմաղթանքներով հանդէս եկան արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, հոջ. Ռաշւանդին եւ պրնյք. Ասֆանանին, Թահանիանզադէն ու Ջանի Նազարեանը: Գաւառապետ Թահանիանզադեն իր խօսքում խոստացաւ 30 միլիոն թումանի յատկացում կատարել կենտրոնի շրջափակի բարեկարգման համար: Քահանայ Հայրը թեմի ազգային իշխանութեան անունից շնորհաւորանքներ փոխանցեց բուժարանի վերաբացման առթիւ եւ շնորհակալութիւն յայտնեց կենտրոնն արդիական սարքերով օժտելու կապակցութեամբ: Իսկ պրն. Նազարեանը շեշտելով, որ երկրի ապահովութիւնից յետոյ կարեւորագոյն խնդիրներից է համարւում ժողովրդի առողջապահութեան հարցը, իր ուրախութիւնը յայտնեց Փերիոյ շրջանի մուսուլման եւ քրիստոնեայ բնակիչների միջեւ առկայ խաղաղ գոյակցութեան համար՝ այն լաւագոյն օրինակը համարելով Իրանում տարբեր կրօնների նկատմամբ տածւող յարգանքի:
Յատկանշական է, որ բուժկենտրոնում ամենօրեայ կարգով ներկայ է լինելու արհեստավարժ բուժանձնակազմ՝ բնակիչների առողջական վիճակին վերահասու լինելու եւ յատուկ ծրագրերի միջոցով գիւղի առողջապահութեան մակարդակը բարձրացնելու նպատակով, իսկ իւրաքանչիւր երեքշաբթի օր այցելելու է մէկ բժիշկ, հիւանդներին բուժելու եւ իր մասնագիտական խորհուրդներով աշխատանքներին առաւել դիւրին ընթացք հաղորդելու համար:
Թղթակից (Նոր Ջուղա)