Կիրակի՝ յունւարի 26-ին, Սպահանի հայոց թեմում, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց եկեղեցիներում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագների աւարտին տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն՝ Արցախի սահմանային գօտու վրայ յունւարի 19-ի գիշեր, լոյս 20-ին ադրբեջանական դիւերսիայի հետեւանքով նահատակւած հայ զինւոր Արմէն Յովհաննիսեանի, ինչպէս նաեւ հայրենի հողը պաշտպանելու ճանապարհին նահատակ ընկած բոլոր զինւորների յիշատակին:
Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում սոյն համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի գլխաւորութեամբ, իսկ Նոր Ջուղայի ս. Ստեփանոս եկեղեցում արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ ս. Մինաս եկեղեցում արժն. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ձեռամբ կատարւած Հոգեհանգստեան արարողութեան միջոցով բանակային Արմէն Յովհաննիսեանի եւ նահատակ հայ զինւորների հոգիների խաղաղութեան համար աղօթք բարձրացւեց առ Աստւած: Հոգեւոր հայրերն իրենց քարոզի մէջ անդրադարձան նաեւ հայրենիքի, հաւատի եւ սեփական ժողովրդի պահպանման ու անվտանգութեան համար իրենց կեանքն ընծայաբերող հերոսների արարքի վեհ արժէքի մասին:
Թող հայրենական հողի պաշտպանութեան սուրբ գործին իրենց կեանքը նւիրաբերած հայորդիների ոգու եւ արեան կանչը յաւիտեան դրոշմւի համայն հայութեան սրտում ու մտքում: