Յուլիսի 21-ից մինչեւ 27-ը Աղւերանում, ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Հայագիտական համահայկական 7-րդ օլիմպիադան՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին, 7 երկրներից ժամանած աշակերտների մասնակցութեամբ:
7-րդ օլիմպիադան ընդգրկում էր հարցեր հայոց լեզւից, գրականութիւնից, հայոց պատմութիւնից եւ հայ մշակոյթի պատմութիւնից, որին զուգահեռ անցկացւեց նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու պատմութեան մրցոյթը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի հովանաւորութեամբ եւ աջակցութեամբ:
Մրցոյթին մասնակցել էին Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջ. դպրոցի 8-րդ դասարանի եւ առաջին, երկրորդ ու երրորդ միջնակարգ բաժնի ընտրեալ 10 աշակերտուհիներ, ուսուցչուհիներ՝ Ռիմա Սիմոնեանի եւ Սեդա Դիլանչեանի գլխաւորութեամբ:
Միջոցառման փակման հանդիսութեան օրը, արդիւնքների ամփոփումից յետոյ, Հայագիտական համահայկական 7-րդ օլիմպիադայի յաղթողը ճանաչւեց Նոր Ջուղան իր մասնակիցների ձեռքբերած բացառիկ եւ աննախադէպ մրցանակների թւաքանակի շնորհիւ՝ իրեն վերապահելով օլիմպիադայի եւ հայ եկեղեցու պատմութեան մրցոյթի հինգ առաջին կարգի, երեք 2-րդ կարգի եւ մէկ 3-րդ կարգի մրցանակները: Նոր Ջուղայի աշակերտուհիները նաեւ արժանացել են երկուական շնորհակալագրերի հայ եկեղեցու պատմութեան մրցոյթի եւ ասմունք անւանակարգի շրջագծում: