Նոր Ջուղայի Հայոց ազգային «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի 2014-2015 ուսումնական տարեշրջանի վեցերորդ դասարանի աւարտական հանդէսը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ յունիսի 17-ի երեկոյեան, Հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում: Ձեռնարկին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ Վարուժ Մինասեանը, Կրթական խորհրդի ներկայացուցիչ Սաթենիկ Աւետումեանը, մի շարք հրաւիրեալներ, «Արմէն» դպրոցի տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու Ծնողական խորհուրդը եւ շրջանաւարտների հարազատները:
Ծրագրի մեկնարկը տրւեց դպրոցի տեսուչ Վրէժ Շիրւանեանի խօսքով, ով ողջունելով ներկաներին՝ զեկոյցով հանդէս եկաւ վերջին տասը տարիների ընթացքում արձանագրած յաջողութիւնների եւ ձեռքբերումների շուրջ, ինչպիսին են՝ արտադասարանային եւ մշակութային աշխատանքների կանոնաւորումն ու ընդարձակումը, բամզաթիւ անգամներ դպրոցի կարգապահական իրավիճակի գնահատումը՝ պատասխանատուների կողմից, Ուսումնա-դաստիարակչութեան հիմնարկի կողմից տարբեր բնագաւառներում թւով 113 գնահատագրերի ստացումը, առողջապահական առումով առաջնակարգ դպրոց համարւելը եւ երկսեռ համակարգով աշխատելը: Նա կարեւորութեամբ նշեց նաեւ, որ վերջին տարիների ընթացքում ձեռքբերած զանազան յաջողութիւնների եւ աշխատանքների շնորհիւ դպրոցը յառաջադիմութիւն է արձանագրել եւ 2-րդ կարգից դասւել է Սպահան նահանգի առաջին կարգի դպրոցների շարքին:
Տեսուչի ելոյթն աւարտւեց շնորհակալական խօսքով՝ ուղղւած թեմակալ առաջնորդին, ազգային մարմիններին, խորհրդարանի պատգամաւորին, ուսուցչական կազմին, Ծնողական խորհրդին եւ բոլոր այն անձանց, ովքեր ջանք չխնայեցին դպրոցի վերելքի ուղղութեամբ: Նա վերջում յատուկ շնորհակալութիւն յայտնեց սոյն ձեռնարկի կազմակերպիչներին՝ ուսուցչուհիներ՝ Ժանետ Բաղումեանին եւ Միգանուշ Տէր-Մարտիրոսեանին, երգ-երաժշտութեան դասատու Արսինէ Մարգարեանին ու դաշնակահար-խմբավար Համիկ Ալեքսանդրեանին:
Այնուհետեւ իրագործւեց աշակերտական գեղարւեստական ծրագիր, ուր սկզբում աշակերտներ՝ Լիլիթ Գէորգեանի եւ Վահագն Թահմազեանի միջոցով ընթերցւեցին խօսքեր՝ անդրադարձ ունենալով Հայոց ցեղասպանութեանը եւ հայ ժողովրդի վերածնունդին, թէ ինչպէս իրենց ամուր կամքի շնորհիւ կերտեցին հայ պատմութեան փայլուն էջերից մէկը՝ Մայիս 28-ը եւ հայոց հանրապետութիւնը: Ծրագրի այդ պահին աշակերտների երգեցողութեամբ հնչեց Հայաստանի Հանրապետութեան հիմնը:
Ապա շարունակւեց խօսքերի շարանը, որտեղ այս անգամ Լիլիթն ու Վահագնը ներկայացրին իրենց ուսումնական ընթացքը՝ մանկապարտէզից մինչեւ տարրական դպրոցի աւարտը, մատնանշելով յատկապէս դպրոցում ստացած հայկական դաստիարակութիւնը, հայոց պատմութեան, կրօնի եւ մշակոյթի առնչութեամբ սերտած գիտելիքները: Խօսքերն ընդմիջւեցին շրջանաւարտների միջոցով կատարւող «Աստղիկների երգը», «Մայրենի լեզու», «Ի զէն հայեր», «Կիլիկիա» եւ «Հայեր միացէք» խմբական երգերով, իսկ ընթացքում մենակատարեցին Անի Սիմոնեանը՝ «Ձայն տուր, ով ֆեդա» եւ Նարինէ Խուդաբախշեանը «Իմ Անի» երգերը: Այս հատւածին զուգահեռ ցուցադրւեցին պատկերներ՝ աշակերտների անցնած ուսումնական վեց տարեշրջանից:
Գեղարւեստական կատարումների շարունակութեան մէջ շրջանաւարտները բեմ ներկայացան իրենց աւարտական զգեստներով: Ծրագրի այս հատւածում, որը վարում էին Սէրլի Նազարեանն ու Բրայեան Փանոսեանը, նախ Մհեր Մինասեանը, Մինէ Յարութիւնեանը եւ Թադէ Թահմազեանը արտասանեցին «Հրաժեշտ Արմէն դպրոցին» բանաստեղծութիւնը, ապա Արսինէ Հայրապտեանն ու Շիրակ Դիլանչեանը՝ «Երդման կարգի» խօսքը: Վերջում Մինելի Յարութիւնեանը, Փարելի Ղազարեանը եւ Նոյեմի Ղարիբեանը արտասանեցին խօսք, որտեղ խոստացան անաղարտ պահել հայոց լեզուն եւ հայկական քոչարին պարել ամբողջական Հայաստանում՝ սկսած Արագածից մինչեւ Մասիս եւ Սիւնիքի հարազատ հողը: Միջոցառման այս հանգրւանին համընթաց ցուցադրւեց քոչարի պարից տեսանիւթ՝ շրջանաւարտների կատարմամբ:
Այնուհետեւ ծրագիրը շարունակւեց վկայականների եւ գնահատագրերի բաշխման արարողութեամբ: Այս բաժնում ձեռամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի, ազգային մարմինների ներկայացուցիչներ Վարուժ Մինասեանի եւ Սաթենիկ Աւետումեանի, դպրոցի տեսուչներ Լիոնթին Աբրահամեանի ու Վրէժ Շիրւանեանի եւ վեցերորդ դասարանի ուսուցիչներ Ժանետ Բաղումեանի ու Արսինէ Դաւթեանի, շրջանաւարտներին յանձնւեցին իրենց վկայականները, իսկ գերազանցիկ աշակերտներին՝ գնահատագրեր:
Ապա Կրթական խորհրդի կողմից պատրաստւած գնահատագրերով ու պարգեւներով գնահատւեցին սոյն տարեշրջանի ընթացքում Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակչութեան հիմնարկի կողմից կազմակերպւած միջոցառումներին յաջողութիւն արձանագրած աշակերտները, ովքեր իրենց ձեռքբերումներով բարձր են պահել հայ դպրոցի եւ հայ աշակերտի պատիւը:
Գնահատագրերի բաշխմանը զուգընթաց հանդիսատեսին ներկայացւեց աշակերտական յաջողութիւններից զեկոյց՝ ուսուցչուհի Միգանուշ Տէր-Մարտիրոսեանի միջոցով: Այս բաժնի աւարտին գնահատւեցին նաեւ մի շարք ուսուցիչներ՝ տկն. Ալի Բէյգին, ով 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակչութեան հիմնարկի կողմից գնահատագրի էր արժանացել «Ջաբեռ էբն Հայեան» գիւտերի եւ նորարարութիւնների մրցոյթ-փառատօնին մասնակցող աշակերտների հետ տարած աշխատանքի շնորհիւ, ուսուցիչներ՝ Արսինէ Դաւթեանը, տկն. Շաֆիին եւ տկն. Մադանին, որոնց ներկայացրած համատեղ ուսումնասիրութիւնը դասաւանդման յարմարագոյն մեթոդիկայի կապակցութեամբ կազմակերպիչների կողմից արժանացել էր գնահատագրի:
Այնուհետեւ Կրթական խորհրդի անունից արտայայտւեց Սաթենիկ Աւետումեանը, ով շնորհաւորանքի խօսքից յետոյ, հայոց դպրոցը կրթւելու, դաստիարակւելու եւ ազգային ու հոգեւոր արժէքներին ծանօթանալու օջախ համարեց եւ դիմելով շրջանաւարտներին ասաց. «Ճիշտ է հրաժեշտ էք տալիս «Արմէն» տարրական դպրոցին, սակայն սա ձեր կեանքի նոր սկիզբն է լինելու: Աշխատէ՛ք ջանասիրաբար, եւ ուսման ու կեանքի ընթացքում եղէ՛ք յաջողակ ու առաջնակարգ»:
Տկն. Աւետումեանը վերջում Կրթական խորհրդի գնահատանքի խօսքն ուղղեց դպրոցի անձնակազմին եւ բոլոր այն անհատներին, ովքեր նւիրական աշխատանք իրականացրին աշխատանքների վերելքի համար:
Երեկոն եզրափակւեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր հայրական պատգամով, որը նոյնպէս սկիզբ առաւ գնահատանքի խօսքով՝ ուղղւած թեմի Կրթական խորհրդին եւ դպրոցի անձնակազմին: Այնուհետեւ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն անդրադառնալով հայ ուսուցչի նւիրական առաքելութեանը շարունակեց. «Դուք տարիներ շարունակ ձեր աշակերտների հետ լինելով՝ ոչ միայն նրանց գիտութիւն ջամբեցիք, այլեւ նրանց հայեցի շունչ ու ոգի փոխանցեցիք»:
Թեմակալ առաջնորդն իր խօսքի աւարտին շրջանաւարտներին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի սերունդ անւանելով, յորդորեց՝ նոյն թափով ու եռանդով շարունակել իրենց ուսումնական ապագայ տարիները եւ ասաց. «Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը պարտաւորութիւն է դնում մեզանից իւրաքանաչիւրի ուսերին, որ հայոց լեզուն մեր շուրթերի վրայ անաղարտ պահենք, ամրացնենք լուսաւորչական հաւատը եւ լինելով պահանջատէր սերունդ, մեր ժողովրդի արդար իրաւունքների տէրը դառնանք»:
Ստորեւ ներկայացնում ենք անցնող տարեշրջանի ընթացքում Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակչութեան հիմնարկի կողմից կազմակերպւած տարբեր միջոցառումներում յաջողութիւն արձանագրած աշակերտներին:
- «Ջաբեռ էբն Հայեան» գիւտերի եւ նորարարութիւնների մրցոյթ-փառատօն
Ուսուցչուհի տկն. Ալի Բէյգիի գլխաւորութեամբ աշակերտներ՝ Թենի Թահմազեանը, Թեդի Թահմազեանը, Միրօ Խուդավերդեանը, Արամէ Ալեքսանդրեանը (առաջին դասարան) Արփի Ղազարեանը (2-րդ դասարան), Անի Ղազարեանը, Վիւիանա Միրզայեանը (4-րդ դասարան), Վահագն Թահմազեանը եւ Թադէ Թահմազեանը (6-րդ դասարան) մասնակցել են սոյն փառատօնին: Վիւիանա Միրզայեանի, Թադէ Թահմազեանի եւ Վահագն Թահմազեանի ներկայացրածները կազմակերպիչների կողմից գնահատւել են որպէս փառատօնի ընտրանի, իսկ Թադէ Թահմազեանի աշխատանքը գնահատւեց նաեւ նահանգի մակարդակում:
- Երգ-երաժշտութեան փառատօն
Ղեկավարութեամբ Արսինէ Մարգարեանի, դպրոցի տղայոց երգչախումբը շրջանում 3-րդ տեղն է զբաղեցրել: Երգչախմբի անդամներն են Արմօ Ասատրեանը, Արգիշտ Քեշիշեանը, Փաթրիկ Ակոնը, Արթուր Քամարզարեանը, Էրւին Քեշիշեանը, Արին Քեշիշեանը, Դւին Յովհաննիսեանը, Մհեր Մինասեանը, Թադէ Թահմազեանը եւ Վահագն Թահմազեանը:
- Գեղագրութեան մրցոյթ
Տկն. Ղադիռիի պատասխանատւութեամբ 6-րդ դասարանի աշակերտներ՝ Անի Սիմոնեանը ու Շիրակ Դիլանչեանը մասնակցել են նշւած մրցոյթին եւ նրանց ներկայացրած գրութիւնները գնահատւել են որպէս ընտրանի աշխատանքներ:
- Ծաղրանկարչութեան, նկարչութեան ու գծագրութեան մրցոյթներ
Ծաղրանկարչութեան բաժնում 5-րդ դասարանի աշակերտ Ժանօ Շահիջանեանի աշխատանքն ընտրւելով լաւագոյնների շարքում, մասնակցել է նաեւ նահանգի մակարդակում անցկացւող մրցոյթին, ուր յաջողել է գրաւել առաջին պատւաւոր տեղը:
Նկարչութեան բաժնում 5-րդ դասարանի Մեղրի Փանոսեանի նկարչութիւնը գնահատւել է որպէս մրցոյթի ընտրանի աշխատանք:
Գծագրութեան մրցոյթին մասնակցել է Մհեր Մինասեանը 6-րդ դասարանից, որի ներկայացրածը նոյնպէս համարւել է ընտրանի գործ: Վերոնշեալ երեք մրցոյթներին մասնակիցների պատասխանատուն է եղել Մառիեթ Աբէլեանը: