Հինգշաբթի՝ յունւարի 23-ի առաւօտեան ժամը 11:30-ին, «Տարեցների տարւայ» առթիւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանն այցելեց Նոր Ջուղայի Հայոց ազգային ծերանոց, ուր նախագահութեամբ թեմակալ առաջնորդի եւ մասնակցութեամբ հոգեւորականաց դասի, ս. Ծննդեան տօնի առթիւ Տնօրհնէքի արարողութիւն տեղի ունեցաւ սոյն հանգստի տան յարկի ներքոյ: Սրբազան Հօրն ընկերակցում էին Ազգային մարմինների ներկայացուցիչները, որոնց հիւրընկալեցին ծերանոցի տարեց բնակիչներն ու աշխատողները եւ այս կենտրոնը ղեկավարող Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան անդամուհիները:
Տնօրհնէնքի արարողութեանը յաջորդեց Հայ կանանց գթութեան միութեան վարչութեան նախագահ Արմինէ Սիմոնեանի արտայայտութիւնները, ով ողջունելով հիւրերի ներկայութիւնը ծերանոցում, յայտարարեց, որ միութիւնն իր պարտքը համարելով «Տարեցների տարւայ» առթիւ ծրագրերի մշակումը, շուտով այս կապակցութեամբ յանձնախումբ է կեանքի կոչւելու: Նա իր խօսքի աւարտին, յատուկ շնորհակալութիւն յայտնեց թեմակալ առաջնորդին եւ Ազգային մարմիններին՝ բարոյական եւ հարկ եղած պարագային նիւթական օժանդակութիւնների համար: Այնուհետեւ իր հայրական պատգամը փոխանցեց գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը: Սրբազան Հայրը մեծ ուրախութիւն համարելով ծերանոցում ներկայ գտնւելը՝ ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի մտայղացումը՝ 2014 թւականը «Տարեցների տարի» հռչակելու կապակցութեամբ: Ապա նա դրւատանքի խօսք ուղղելով Կանանց գթութեան միութեան վարչութեանը եւ անդամուհիներին՝ տարեցների համար առողջ միջավայր ստեղծելու եւ նրանց խնամելու նւիրական աշխատանքի կապակցութեամբ՝ յորդորեց, թէ այս տարի մեր հայեացքը եւ սեւեռակէտը դարձնենք դէպի բոլոր տարեցները, որովհետեւ նրանց օրհնութեան կարիքն ունի ազգը, հայրենիքը եւ եկեղեցին ու նրանց օրհնութեամբ է, որ կարող ենք աշխատել ու պահպանել մեր յաղթական երթը:
Ծրագրի ընթացքում ազգային մարմինների անունից արտայայտւեց Թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի փոխատենապետ Մկրտիչ Աւետումեանը: Նա գնահատելով նւիրական աշխատանքների իրականցումը, ազգային իշխանութեան անունից Ամանորի եւ ս. Ծննդեան տօնի առթիւ շնորհաւորանքի խօսք ուղղեց տարեցներին եւ միւս ներկաներին, իսկ շնորհակալական խօսքով ու բարեմաղթանքներով հանդէս եկաւ միութեան աւագ անդամուհիներից Ովսան Ղարախանեանը:
Այնուհետեւ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն եւ մթնոլորտն առաւել ջերմացաւ մտերմիկ զրոյցներով ու հայկական հոգեհարազատ երգերի ու ասմունքների կատարումներով: Ծրագրի աւարտին առաջնորդ Սրբազան Հայրը նւէրներ շնորհեց ծերանոցի բնակիչներին եւ աշխատողներին, որից յետոյ շրջելով ծերանոցում՝ այցելեց նաեւ այն բնակիչներին, ովքեր առողջական պատճառներով չէին կարողացել ներկայանալ ծրագրին: