Ըստ տեղական լրատւամիջոցների, թւականիս մայիսի 11-ից 15-ը, Սպահանի քաղաքապետարանի հիւրընկալութեամբ եւ 240 մարզիկների մասնակցութեամբ, Իրանի Սպահան քաղաքում անց է կացւել Սպահանի քոյր քաղաքների հաշմանդամների բասկետբոլի եւ վոլէյբոլի միջազգային երկրորդ մրցաշարը: Բասկետբոլի բաժնում մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրաքի, Մալայզիայի եւ Իրանի հաշմանդամների ու անձնուրացների թւով 8 խմբեր: Մրցաշարը կայացել է «Սպահանի շաբաթ»-ը նշելու միջոցառումների շրջագծում եւ կրել է «Խաղաղութիւն եւ բարեկամութիւն» նշանաբանը:
Մայիսի 12-ին Հայաստանի հաշմանդամների «Փիւնիկ» միութիւն հասարակական կազմակերպութեան բասկետբոլի հաւաքականը մրցադաշտ է իջել Սպահանի «Բոնիադ Շահիդ» եւ Ղոմի «Մահան Թանդիս» խմբերի հետ, իսկ 13-ին նրա մրցակիցն է եղել Ռուսաստանը: Երեք խաղարկութեան արդիւնքում խաղը աւարտւել է յօգուտ մրցակիցների:
Նշենք, որ Ռուսաստանի հետ մրցման ընթացքում, Հայաստանի հաւաքականը անւասայլակների վրայ կրել է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» ծաղիկը, որը պատրաստել էին մրցութեան նախօրէին եւ միջազգային այս մրցաշարում «Յիշելու եւ պահանջելու» պատգամով են մտել խաղադաշտ:
Հայաստանի մարզական պատւիրակութիւնը ներկայացնում էին՝ Սեւակ Մխիթարեանը, Սամւէլ Ասատրեանը, Համայեակ Մարգարեանը, Զաւէն Մարգարեանը, Ռոման Եղիազարեանը, Խաչիկ Գէորգեանը, Յովօ Իզմալեանը, Նուբար Կիրակոսեանը, Գէորգ Աղաբէգեանը, Գրիգոր Բաղդասարեանը, Հրաչեա Մանուկեանը, միութեան փոխնախագահ՝ Կարէն Աւետիսեանը եւ խմբի ղեկավար Յակոբ Աբրահամեանը:
Լուսանկարները՝ Դիմիթրի Յովհաննիսեան