Սպահանի հայոց թեմի 60-րդ Պատգամաւորական ժողովի հաշւետու նիստը գումարւեց 2015 թւականի 7, 8 եւ 11 մայիսին՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ ներկայութեամբ Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, շրջանների պատգամաւորների, հոգեւոր դասի ներկայացուցիչների, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի անդամների, ենթամարմինների ներկայացուցիչների եւ ժողովի կողմից հրաւիրեալ ազգայինների:
Նիստի բացումը կատարւեց առաջնորդ Սրբազան Հօր «Զգործս ձեռաց մերոց» աղօթքով, որից յետոյ Գերշ. Տէր Բաբգէն արք. Չարեանը ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ժողովին ուղղած օրհնութեան գիրը, եւ փոխանցեց իր հայրական պատգամը: Այնուհետեւ համաձայն օրակարգի ներկայացւած տեղեկագրերի շուրջ եղան հարցումներ՝ ուղղւած Պատգամաւորական ժողովի դիւանին, Թեմական եւ Կրօնական խորհուրդներին ու Հաշւեքննիչ մարմնին՝ իրենց միամեայ գործունէութեան կապակցութեամբ եւ հնչեցին ըստ էութեան արտայայտութիւններ գործադիր մարմինների աշխատանքների ուղղութեամբ, որոնց արդիւնքում բարձր գնահատւեց նրանց անցնող տարեշրջանի գործունէութիւնը: Ժողովի յաջորդ գլխի ներքոյ հաստատւեցին Թեմական եւ Կրօնական Խորհուրդների կողմից ներկայացւած առաջարկները եւ քննարկւեց ու հաստատւեց թեմի յաջորդ տարեշրջանի արտակարգ նախահաշիւը:
Վերջում տեղի ունեցաւ Պատգ. ժողովի Դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները:
Ստորեւ ներկայացնում ենք նորընտիր մարմինների անդամներին՝ իրենց հանգամանքներով: