Շաբաթ՝ մայիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան» աղջկանց միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի նախաձեռնութեամբ, հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, կազմակերպւել էր Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած հայրենագիտական մրցոյթ՝ մասնակցութեամբ դպրոցի աշակերտուհիների ծնողների, իսկ որպէս հանդիսատես ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման Սպահանի հայոց թեմի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ Նոէլ Մինասեանը, Կրթական խորհրդի ներկայացուցիչ Սաթենիկ Աւետումեանը, դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտուհիներն ու ծնողները:
Մրցոյթին մասնակից ծնողներին ընկերակցում էին իրենց զաւակները, ովքեր ծրագրին նախապատրաստւելու համար ուսումնասիրել եւ սերտել էին մրցոյթին առնչւող մի շարք նիւթեր, յատկապէս դպրոցի կողմից իրենց տրամադրւած հայրենագիտական թեմաների փաթեթը:
ծրագիրն սկիզբ առաւ դպրոցի փոխտեսչուհի Ռիմա Սիմոնեանի ներկաներին ուղղւած ողջոյնի եւ բացման խօսքով, որտեղ ընդգծեց. «Հայը իւրովի է ընկալում բնութեան զարթօնքը եւ ապրիլ ամիսը, քանի որ գարունը տարիներ շարունակ յագեցած է եղել մեր միլիոնաւոր նահատակների արդար կանչով եւ հայ ժողովրդի բողոքի ոգեկոչումներով ու պահանջատիրութեամբ: Այսօր առաւել քան երբեւէ հայ ժողովուրդը պէտք է միասնական լինի եւ ինչպէս Չարենցն է ասում. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»»: Խօսքի շարունակութեան մէջ տկն. Սիմոնեանը ներկայացրեց մրցոյթի իրաւարարներին՝ դպրոցի հայերէն առարկաների ուսուցչուհիներ՝ Սեդա Դիլանչեանին եւ Քառոլին Դիլանչեանին ու գրադարանավարուհի՝ Կարին Տէր-Մարտիրոսեանին, նշելով նաեւ, որ մրցոյթին առնչւող համակարգչային ձեւակերպումները կատարւել են Վերգինէ Միրզախանեանի միջոցով:
Այնուհետեւ իրաւարար կազմի միջոցով հարկ եղած բացատրութիւնները տրւեցին մրցոյթի ձեւի եւ կանոնների կապակցութեամբ, որից յետոյ թէժ մրցակցութիւն ընթացաւ մասնակիցների՝ «Նայիրի», «Հաւատք», «Արցախ», «Անմոռուկ», «Կիլիկիա» եւ «Զարթօնք» վեց խմբերի միջեւ: Առաջին փուլի աւարտին՝ իրաւարարների միջոցով գնահատականների ամփոփումից յետոյ, եզրափակիչ փուլ դուրս եկան «Կիլիկիա» եւ «Անմոռուկ» խմբերը, որոնք սոյն փուլի ընթացքում եւս պատասխանեցին մի շարք հարցերի ու կառուցեցին նախատեսւած փազելը: Արդիւնքում մրցոյթի յաղթողը ճանաչւեց «Կիլիկիա» խումբը:
Վերջում բոլոր մասնակիցները եւ իրենց զաւակները գնահատագրեր ստացան Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի թեմի Կենտրոնական յանձնախմբի կողմից, իսկ յուշանւէր յանձնւեց յաղթող խմբին:
Աւելացնենք նաեւ, որ «Քանանեան» դպրոցի պատասխանատուների նախաձեռնութեամբ, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած միջոցառումների շրջագծում, ապրիլի 17-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կազմակերպւել էր աշակերտական workshop, որտեղ դպրոցի աշակերտուհիները պատրաստեցին պահանջատիրական եւ դատապարտող թեմաներով պատի թերթեր, ինչը մեծ ուշադրութեան արժանացաւ յատկապէս վանքի թանգարան այցելող օտարերկրացի զբօսաշրջիկների կողմից: