Շաբաթ՝ յունւարի 18-ի երեկոյեան, Նոր Ջուղայի ս. Գէորգ եկեղեցում, Կիրակնամուտի ժամերգութեան աւարտին, ներկայութեամբ հոգեւորականաց դասի, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ հաւատացեալ ժողովրդի, ինչպէս նաեւ Հայոց ազգային ծերանոցը կառավարող Հայ կանանց գթութեան միութեան վարչութեան անդամուհիների, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի միջոցով ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի հայրապետական գիրը՝ 2014 թւականը «Հայ տարեցների տարի» հռչակելու կապակցութեամբ:
Սոյն հռչակագրում Վեհափառ Հայրապետն անդրադառնալով Աստւածաշնչում եւ եկեղեցու կեանքում յիշատակւած տարեցներին ու նրանց դերակատարութեանը, անհրաժեշտ էր համարել այս խաւին պաշտպանելը, յարգելը, լսելն ու խնամելը, թելադրելով՝
ա) Իւրաքանչիւր ընտանիքի առաջնահերթ ու նւիրական պարտականութիւնը պէտք է լինի իր տարեց անդամների նկատմամբ անհրաժեշտ հոգածութիւն ցուցաբերելը՝ բարձրագոյն աստիճանի նախանձախնդրութեամբ:
բ) Մեր ժողովրդի զաւակների եւ յատկապէս մեր նոր սերնդի մօտ տարեցների նկատմամբ ունեցած յարգանքը, սէրն ու նախանձախնդրութիւնն անհրաժեշտ է աւելի խորացնել: Այս ուղղութեամբ մեր ընտանիքները, դպրոցներն ու ակումբները վճռական դեր ունեն կատարելու:
գ) Անհրաժեշտ է նիւթապէս սատարել գործող ծերանոցների ու ընկերա-բժշկական կենտրոնների գործունէութեանը, որպէսզի նրանք կարողանան առաւել եւս բարելաւել ու ծաւալել իրենց մարդասիրական ծառայութիւնը:
դ) Տարեցների գծով մեր հոգածութիւնն աւելի կազմակերպ դարձնելու մտահոգութիւնից մղւած, անհրաժեշտ է նոր ծրագրեր մշակել՝ արդիական ու մասնագիտական մօտեցումներով:
Սրբատառ հռչակագրի ընթերցման աւարտին առաջնորդ Սրբազան Հայրն ողջունելով Վեհափառ Հայրապետի մտայղացումը՝ 2014 թւականը «Հայ տարեցների տարի» հռչակելու կապակցութեամբ, յայտարարեց, որ այս առնչութեամբ աշխատանքներ եւ գործնական քայլեր են իրագործւելու՝ աւելի խորացնելով մեր սէրն ու յարգանքը տարեցների՝ մեր հայրերի ու մայրերի, նկատմամբ: