Հինգշաբթի՝ 2015 թւականի ապրիլի 16-ի յետմիջօրէի ժամը 5։00-ին, իտալական RAI ռադիօ-ընկերութեան թղթակից՝ Քառմելա Ջիգլիօն, իրեն ընկերակցող աշխատակազմի հետ ժամանեց Ս. Ամենափրկչեան վանք։ «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի այցելելուց յետոյ, նա հարցազրոյց ունեցաւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանի հետ՝ հարցումներ ուղղելով Սպահանի հայոց թեմի հայ համայնքի ընդհանուր կացութեան ու գործունէութեան, Հայոց ցեղասպանութեան եւ այդ կապակցութեամբ Հռոմի Պապի արտայայտութիւնների, եւ տարածաշրջանում քրիստոնեաների նկատմամբ իսլամիստ ծայրայեղականների կողմից կիրառւող անմարդկային արարքների վերաբերեալ։
Պրն. Նոէլ Մինասեանը համապարփակ տեղեկութիւններ փոխանցեց Թեմի հայ համայնքի իրավիճակի եւ նրա իրաւունքների մասին, անդրադարձաւ ընդհանրապէս Իրանում եւ մասնաւորապէս Սպահանում միաստւածեան կրօնների հետեւորդների խաղաղ համագոյակցութեանը, ցաւով նշելով, որ նման իրավիճակ չի տիրում տարածաշրջանի այլ երկրներում։ Թեմական խորհրդի ատենապետը պատասխանելով Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ թղթակցի ուղղած հարցումին, առիթը պատեհ համարելով Սպահանի հայոց թեմի անունից շնորհակալութիւն յայտնեց Հռոմի Պապին՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչման նկատմամբ յստակ եւ ճշգրիտ կեցւածք որդեգրելու կապակցութեամբ։
Իր արտայայտութիւնների աւարտին, պրն. Նոէլ Մինասեանը մատնանշելով լրատւամիջոցների եւ լրագրողների աշխատանքի կենսական նշանակութեանը՝ պատմական ճշմարտութիւնն արտացոլելու եւ վերահաստատելու գործում, շնորհակալութիւն յայտնեց ազնւայարգ թղթակցին՝ Հայոց ցեղասպանութեան թեմային անդրադառնալու համար։
Հարցազրոյցից յետոյ պատւիրակութիւնը այցելեց Ս. Ամենափրկչեան վանքի «Խաչատուր Կեսարացի»-ի անւան թանգարան, որից յետոյ, ժամը 7։30-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» Միութիւնում հանդիպում ունեցաւ Միութեան կենտրոնական վարչութեան կազմի անդամուհիների հետ։