Երկուշաբթի՝ յունւարի 13-ի կէսօրից յետոյ ժամը 1-ին, Նոր տարւայ եւ ս. Ծննդեան տօների առթիւ շնորհաւորանքներ փոխանցելու նպատակով, ս. Ամենափրկչեան վանք այցելեցին Սպահանի նահանգապետ Ռասուլ Զառգառփուռը, Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան հիմնարկութեան, Միաստւածեան կրօնների երկխօսութեան գրասենեակի, նահանգապետարանի արարողակարգային բաժնի պետերը եւ նահանգապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ:
Նահանգապետին եւ նրան ընկերակցողներին առաջնորդարանի Ծաղկեայ դահլիճում ջերմ դիմաւորեցին` Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Թեմի պատգամաւորական ժողովի Դիւանի, Թեմական, Կրօնական եւ Կրթական խորհուրդների, Հաշւեքննիչ, Կալւածա-տնտեսական, Բարեգործական, Ն.Ջ. Հայոց գերեզմանատան բարեզարդման մարմինների, Հայ կանանց գթութեան միութեան եւ Հայուհեաց բարեգործական ընկերութեան ատենապետերն ու ներկայացուցիչները:
Սկզբում, բարեմաղթանքների ջերմ խօսքերով արտայայտւեց նահանգապետ պրն. Զառգառփուռը, ով իբրեւ Սպահանի նահանգապետ նշանակւելուց յետոյ առաջին անգամ էր, որ ս. Ամենափրկչեան վանք այցելում: Նա շնորհաւորեց 2014 թւականը եւ ս. Ծննդեան տօնը, աշխարհի, Իրանի եւ յատկապէս Սպահանում ապրող հայ համայնքին ու հանդիպմանը ներկաներին: Յաջորդիւ անդրադառնալով հակառակ արածաշրջանի զանազան երկրներում տիրող ծանր-պատերազմական եւ խառնակ իրավիճակներին, Իրանում՝ երկրի առաջնորդի եւ ղեկավարութեան ցուցաբերած ճկուն քաղաքականութեան շնորհիւ առկայ կայունութեանը, յոյս յայտնեց, որ գալիք տարւան նոյնպէս տարածաշրջանում հաստատւի խաղաղութիւնն ու հանգստութիւնը: Նահանգապետը յատուկ շնորհակալութիւն յայտնեց առաջնորդ Սրբազան Հօրը եւ Ազգային իշխանութեանը՝ Ամանորի տօները իսլամական սգոյ օրերին զուգադիպելու պատճառով հրապարակած յայտարարութեան կապակցութեամբ, որով կոչ էր ուղղւել հայ համայնքին՝ հանդիսութիւններն աւելի զուսպ կազմակերպելու համար:
Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը ողջունելով նահանգապետի եւ նրան ընկերակցողների ներկայութիւնը պատմական ս. Ամենափրկչեան վանքի յարկի տակ, պետական պատասխանատուների այցը ոգեւորիչ երեւոյթ համարեց եւ ուժ ու կորով մաղթեց հիւրերին իրենց ծառայութիւնների մէջ: Առաջնորդ Սրբազան Հայրն իր արտայայտութիւնների մէջ շեշտեց, թէ այսօր մարդիկ խիստ կարիքն ունեն Քրիստոսի ծննդեամբ աւետւող սիրոյ եւ յարգանքի, որի համար Ամանորեայ արարողութիւնների ընթացքում հաւատացեալներն աղօթք բարձրացրին առ Աստւած եւ հայցեցին աշխարհի ու յատկապէս Սիրիոյ ժողովրդի համար խաղաղութիւն եւ պատերազմների աւարտ:
Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը, ծանօթացման գծով, նահանգապետին ներկայացրեց ազգային իշխանութեան եւ միութիւնների ներկայացուցիչներին եւ հակիրճ բացատրական փոխանցեց նրանց գործունէութեան մասին:
Երկուստեք ցուցաբերած մտերիմ եւ բարեկամական կեցւածքի հետեւանքով, պաշտօնական այս հանդիպումը վերածւեց ջերմ ու գեղեցիկ մթնոլորտի: Հանդպման աւարտին նահանգապետի կողմից յուշանւէր յանձնւեց գերշ. Սրբազան Հօրը, որից յետոյ Սպահանի հեռուստատեսութեան հետ ունեցած հարցազրոյցի ընթացքում գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը շեշտեց, որ նման հանդիպումներ վստահութիւն են ներշնչում հայ համայնքի անդամներին եւ պատճառ դառնում, որ նրանք իբրեւ Իրանի լիիրաւ քաղաքացիներ առաւել հաւատարիմ մնան իրենց քաղաքացիական պարտականութիւններին ու կոչումին: Նոյն զրոյցի ընթացքում պրն. Զառգառփուռն եւս շեշտեց, որ պետութեան մօտ երբեք խտրականութիւն չի դրւում Իրանի քաղաքացիների միջեւ եւ բոլոր կրօնական փոքրամասնութիւնները համարւում են Իրանի համահաւասար քաղաքացիներ:
Ս. Ամենափրկչեան վանքի «Խաչատուր Կեսարացի» անւան թանգարանի մուտքի մօտ լուսանկարւելուց յետոյ, պետական պատւիրակութիւնը հրաժեշտ տւեց բոլորին: