Չորեքշաբթի՝ 2015 թւականի Ապրիլի 1-ին, Ս. Ամենափրկչեան Վանքի Ծաղկեայ դահլիճում, տեղի ունեցաւ Սպահանի հայոց թեմի Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի հերթական հանդիպումը ենթայանձնախմբերի անդամների հետ:
Հանդիպումն սկսւեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի աղօթքով, որին յաջորդեց Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի նախագահ պրն. Նոէլ Մինասեանի ողջոյնի եւ շնորհակալական խօսքն ուղղւած ներկաներին հանդիպմանը մասնակցելու համար:
Այնուհետեւ հերթաբար զեկուցեցին ԻԻ խորհրդարանի, Ս. Ա. Վանքի Հայոց ցեղասպանութեան յուշարձանի յարակից տարածքի բարեկարգման, Սոցիալական ցանցերի, Հրատարակչական, Ս. Ա. Վանքի տարածքի բարեզարդման, Ս. Ա. Վանքի թանգարանի Հայոց ցեղասպանութեան տաղաւարի, Համալսարանական եւ ակադեմիկ շրջանակում աշխատանք իրականացնող եւ Մշակութային միջոցառումների ենթայանձնախմբերի համակարգողները՝ կատարւած եւ ընթացքի մէջ գտնւող աշխատանքների վերաբերեալ, որոնց մասին եղան հարցումներ եւ առաջարկներ:
Շարունակութեան մէջ արտայայտւեց Պրն. Նոէլ Մինասեանը: Նա յանձնախմբի անունից իր գոհունակութիւնն յայտնելով կատարւած եւ ընթացքի մէջ գտնւող մեծածաւալ աշխատանքների կապակցութեամբ աւելացրեց, որ Սպահանի նահանգային բարձրաստիճան պատասխանատու այրերի հետ տարբեր առիթներով ունեցած հանդիպումների ընթացքում արծարծւել է Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի հարցը, միաժամանակ մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներին տեղեկացնելով Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի ծրագրած աշխատանքների մասին, փոխանցւել է, թէ Երեւանում կայանալիք յիշատակի միջոցառումներին մասնակցելու նրանց սկզբունքային համաձայնութիւնը ստանալու դէպքում, Առաջնորդարանը կատարելու է պարտն ու պատշաճը՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահի կողմից պաշտօնական հրաւէր ապահովելու ուղղութեամբ:
Պրն. Նոէլ Մինասեանը իր խօսքերի շարունակութեան մէջ ընդգծեց, որ այս տարի իրանական Նոր տարւայ՝ Նոռուզի արձակուրդները լաւագոյնս օգտագործւեցին Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը Ս. Ամենափրկիչ վանք այցելողներին ներկայացնելու համար, որի վառ ապացոյցն է այս նպատակով կազմակերպւած ցուցահանդէսի նկատմամբ ցուցաբերւած հետաքրքրութիւնը եւ յուշամատեանում պարսիկ հայրենակիցների գրառած կարեկցանքի եւ Թուրքիոյ իշխանութեանը դատապարտող տեսակէտները, Հայոց ցեղասպանութեան թեմայով տպագրւած հազարաւոր բրիւշուրների սպառումը եւ վերջապէս Ռուբէն Երիտ. միութեան կազմակերպած գրքի վաճառքի կրպակում ցեղասպանութեան վերաբերող մեծ քանակութեամբ գրքերի վաճառքը: Պրն. Նոէլ Մինասեանն իր արտայայտութիւնների աւարտին ուժ ու կորով մաղթեց բոլոր ենթայանձնախմբերին եւ յոյս յայտնեց, որ յաջողութեամբ են աւարտւելու նախատեսւած բոլոր միջոցառումները:
Հանդիպումն աւարտւեց Թեմակալ առաջնորդի արտայայտութիւններով: Նա ներկաներին յորդորեց միասնաբար եւ ամուր կամքով լծւել արդիւնաւէտ աշխատանքի եւ հայ ժողովրդի պահանջատիրութեան ձայնը լսելի դարձնել Իրանի հասարակութեանն ու համայն աշխարհին եւ այսպիսով վառ պահել մեր նահատակների յիշատակը: