Կիրակի՝ յունւարի 5-ի կէսօրից յետոյ ժամը 4-ից, երեկոյեան ժամերգութիւն եւ Ճարգալոյցի Ս. Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Աստւածածին, Ս. Ներսէս, Ս. Ստեփանոս եւ Ս. Յովհաննու եկեղեցիներում, նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում: Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը նախագահեց Ս. Ստեփանոս եկեղեցու Ս. Պատարագին, ուր իր հայրական պատգամը յղեց ներկաներին: Յաւարտ Ս. Պատարագի տեղի ունեցաւ նախատօնակ եւ աւետում՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան:
Այնուհետեւ երկուշաբթի՝ յունւարի 6-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Բեթղեհէմ, Ս. Մինաս եւ Ս. Յովհաննու եկեղեցիներում ու Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում մատուցւեց Ս. Պատարագ՝ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով: Առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ եպիսկոպոսական հանդիսաւոր Պատարագ մատուցւեց Ս. Բեթղեհէմ եկեղեցում, որտեղ օրւան պատշաճ իր պատգամը փոխանցեց ներկայ հաւատացեալներին: Թեմակալ առաջնորդի պատգամն ընթերցւեց նաեւ միւս եկեղեցիներում, իսկ յաւարտ Ս. Պատարագի կատարւեց Ջրօրհնէքի արարաողութիւն:
Նոյն օրը, կէսօրից յետոյ եւ երեկոյեան, Ջրօրհնէքի արարողութիւն տեղի ունեցաւ նաեւ Նոր Ջուղայի միւս եկեղեցիներում: Երեկոյեան ժամը 5:30-ին, գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի նախագահութեամբ Ջրօրհնէքի կարգ կատարւեց առաջնորդանիստ Ս. Ամենափրկչեան Վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում, որից յետոյ, առաջնորդարանի Ծաղկեայ դահլիճում Սրբազան Հայրն ընդունեց Ս. Ծննդեան տօնի առթիւ շնորահաւորանքները:
Վերոնշեալ բոլոր արարողութիւններին ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ: