Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջ. ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցի պատասխանատուները աշակերտութեանը հայեցի դաստիարակութիւն տալու եւ համահայկական հարցերին առաւել հաղորդ դարձնելու նպատակով կազմակերպւող ծրագրերի շարանում, այս անգամ հինգշաբթի՝ փետրւարի 5-ի երեկոյեան ժամը 5-ին, հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհիների մասնակցութեամբ կազմակերպել էին հայրենագիտական մրցոյթ՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին, որի միջոցով մեկնարկը տրւեց դպրոցի կողմից այս առիթին նւիրւած միջոցառումների: Մրցոյթը հովանաւորւել էր Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման Սպահանի հայոց թեմի Կենտրոնական յանձնախմբի կողմից:

Ծրագրին որպէս հանդիսատես ներկայ էին Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի ներկայացուցիչ Արմինէ Սիմոնեանը, նոյն յանձնախմբի Մշակութային միջոցառումների կազմակերպիչ ենթայանձնախմբի ներկայացուցիչ Ադրինէ Ստեփանեանը, դպրոցի ուսուցչուհիները, ծնողները, աշակերտուհիները եւ մի շարք այլ հիւրեր:

Հայրենագիտական թեմայով այս միջոցառումը, որը կազմակերպւել էր հայերէն առարկաների ուսուցչուհի Սեդա Դիլանչեանի նախաձեռնութեամբ եւ դպրոցի  պատասխանատուների համագործակցութեամբ, բացւած յայտարարւեց փոխտեսուչ Ռիմա Սիմոնեանի արտայայտութիւններով, ով բարիգալուստ մաղթեց ներկաներին եւ բնաբան ունենալով Պարոյր Սեւակի «Ազգերը պահպանւում են հողով ու լեզւով եւ աւելի շատ լեզւով» խօսքը, կարեւորութեամբ ասաց. «Խօսքն է պահում համայնքները եւ դպրոցն աշխատանքներ է ծրագրում խօսքի զարգացման ուղղութեամբ»:

Այնուհետեւ մեկնարկեց հայրենագիտական մրցոյթը, ուր բուռն եւ հաճելի մրցակցութիւն ընթացաւ մասնակիցների՝ «Արամ Մանուկեան», «Անի», «Ղօղանջ» եւ «Յովհաննէս Այւազովսկի» խմբերի միջեւ, իսկ որպէս իրաւարարներ աշակերտների պատասխանները գնահատեցին՝ փոխտեսուչ Ռիմա Սիմոնեանը, ուսուցչուհիներ՝ Սեդա Դիլանչեանն ու Քառոլին Դիլանչեանը եւ դպրոցի գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը:

Հարցերը հիմնականում ընտրւել էին հայոց պատմութիւնից, հայ մշակոյթի պատմութիւնից ու հայոց լեզւից, եւ  իւրաքանչիւր ճիշտ պատասխանի արդիւնքում Էկրանի վրայ ցուցադրւում էր մրցոյթի պատգամ-նախադասութեան՝ «Յիշում եմ եւ պահանջում»-ի, մէկ հնչիւնը: Խելացի եւ պահանջատէր աշակերտները բաւականին կարճ ժամանակահատւածում կարողացան կռահել այդ իմաստալից պատգամը: 

Առաջին փուլի աւարտին առաւելագոյն նիշ ստացած «Արամ Մանուկեան»-ը եւ «Ղօղանջ»-ը դուրս եկան եզրափակիչ փուլ, որտեղ դարձեալ թէժ մրցակցութիւն ընթացաւ եւ երկու խմբերն ստացան հաւասար նիշեր, իսկ յաղթողին ճանաչելու համար՝ իրաւարար կազմը հնչեցրեց երեք լրացուցիչ հարցեր եւ արդիւնքում «Ղօղանջ» խումբն իրեն առաւել լաւ դրսեւորելով, յաջողեց զբաղեցնել մրցոյթի առաջին պատւաւոր տեղը: 

Վերջում Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի կողմից գնահատագրերի արժանացան բոլոր մասնակիցները, իսկ մրցանակներ նւիրւեցին առաջին եւ երկրորդ հանդիսացած խմբերի անդամներին: Աշակերտների պարգեւատրման արարողութեան աւարտին «Քանանեան» դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի և Ծնողական խորհրդի կողմից, աշխատասիրութեան և նւիրւածութեան, ինչու չէ նաեւ արտադասարանային բազում աշխատանքների կազմակերպման համար գնահատւեց ուսուցչուհի Սեդա Դիլանչեանը: