Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 36-րդ տարեդարձի առթիւ, ուրբաթ՝ փետրւարի 6-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի միջոցով եւ թեմի հոգեւորականաց դասի մասնակցութեամբ, հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ նահատակների հոգիների խաղաղութեան համար:
Արարողութեանը ներկայ էին թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակների հարազատները, Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց դպրոցների ուղեցոյց բաժնի աշակերտներն ու պատասխանատուները եւ ժողովուրդ:
Առանձնաբար հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց նահատակներ՝ Հենրիկ Տէր-Յովհաննիսեանի, Վարդան Աբրահամեանի, Ռայմոնդ Բաղրամեանի, Հրաչ Յակոբեանի ու Վրէժ Բաղումեանի շիրիմների վրայ եւ յիշւեց նաեւ նահատակ Մկրտիչ Թովմասեանը, որի շիրիմը գտնւում է Ահւազի հայոց ազգային գերեզմանատանը:
Ծրագրի երկրորդ բաժնում հնչեցին արտայայտութիւններ: Նահատակներին ձօնւած աշակերտական խօսքն ընթերցեց Տաթեւիկ Տէր-Մարտիրոսեանը, իսկ յանուն Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ելոյթ ունեցաւ ատենապետ Նոէլ Մինասեանը: Պրն. Մինասեանը գեղեցիկ սովորութիւն համարելով Իրանի միւս ժողովուրդների հետ միասնաբար Յեղափոխութեան տարեդարձը տօնելը եւ նահատակների յիշատակը յարգելը, այսպէս շարունակեց. «Իւրաքանչիւր տարի այս արարողութեան ընթացքում մի կողմից տխրում ենք անդառնալի այս կորուստների ու խլւած երիտասարդ կեանքերի համար, իսկ միւս կողմից հպարտանում, քանի որ հայ նահատակների արեան գնով մեր ժողովուրդն ապացուցեց իր կարեւոր ներդրումն ու դերակատարութիւնը այս երկրի պատմութեան տարբեր հանգրւաններում: Մեր ժողովուրդը նաեւ ապացուցել է, որ Իրանի նկատմամբ ամբողջական պատասխանատւութիւն է կրում եւ երբեք անտարբեր չի անցել որեւէ իրադարձութիւնից»:
Վերջում ներկաներին իր պատգամը փոխանցեց Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, որը հայրենիքի ազատութեան ճամբին նահատակւելը երանելի մահ համարելով՝ ասաց. «Նահատակները սուրբեր են, ովքեր մոռանալով իրենց ընտանիքներին ու բարեկամներին, բոլորից վեր դասելով հայրենիքը եւ հողը, իրենց կեանքը զոհում են այդ ճամբին: Սա մեր համար պատիւ է: Մենք պատիւ պիտի զգանք, որ այս երկրում մեր նահատակներով մեծանում ու բարձրանում ենք: Նրանք մեզ համար նպատակակէտ են, որոնցից պէտք է սովորենք խիզախութիւն, քաջութիւն, հաւատարմութիւն եւ յատկապէս յարգանք»:
Հայր Սուրբն իր խօսքի աւարտին թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ թեմի ազգային իշխանութեան անունից ցաւակցական խօսք ուղղեց նահատակների ընտանիքներին:
Նահատակների հարազատների անունից շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: