Ուրբաթ՝ 2015 թւականի յունւարի 16-ին, Ս. Ամենափրկչեան վանքի Ծաղկեայ դահլիճում, Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանն ընդունեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, Հ.Հ.-ի Գ.Ա.Ա.-ի թղթակից անդամ, պատմաբան, պրոֆ. Արամ Սիմոնեանին եւ նրան ընկերակցող համալսարանի պրոֆեսոր-դասախօսներին:
Հայրենիքից ժամանած պատւիրակութիւնը գերշ. Սրբազան Հօրը ներկայացրեց Իրան ժամանելու նպատակն ու իրականացրած ծրագրերը՝ Թեհրանում հայերէնագիտական ուսումնասիրութիւնների գրասենեակի հիմնադրման կապակցութեամբ:
Թեմակալ առաջնորդը շեշտելով Իրան-Հայաստան փոխյարաբերութիւնների ընդարձակման եւ զարգացման կարեւորութեանը, միաժամանակ կարեւոր նկատեց Երեւան-Սպահան քոյր քաղաքների բազմակողմանի համագործակցութեան ընդլայնումը, որի կապակցութեամբ մեծ դեր կարող են ունենալ երկու քաղաքների համալսարանները:
***
Նոյն օրը գերշ. Սրբազան Հօր հետ հանդիպում ունեցաւ Լիբանանի ազգային հեռուստա-ընկերութեան տնօրէն՝ Լոր Սուլէյմանը, իր հետ ունենալով իր գործակիցներից եւ Սպահանի պետական այրերից կազմւած մի պատւիրակութիւն։ Նա Իրանի լրատւամիջոցների հետ առաւել համագործակցութիւններ ծաւալելու եւ յարաբերութիւններ զարգացնելու նպատակով գտնւում էր Իրանում:
Գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանն ընդգծելով լրատւամիջոցների առաքելութիւնը, ուժ ու կորով մաղթեց տնօրէնին, միաժամանակ շեշտեց տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ ճշգրիտ տեղեկատւութիւն տարածելու անհրաժեշտութիւնը զանգւածային լրատւամիջոցների կողմից, ինչը կարող է համաշխարհային կարծիքի ճիշտ ձեւաւորման եւ հանգուցալուծող աշխատանքների առաջնորդել: