Ուրբաթ՝ 26 դեկտեմբերի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, նախաձեռնութեամբ «Քանանեան» աղջ. ու «Կատարինեան» տղայոց ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցների տեսչութիւնների եւ ուսուցչական կազմերի տեղի ունեցաւ 2013-14 ուսումնական տարեշրջանի շրջանաւարտների աւարտական հանդիսութիւնը: Միջոցառմանը ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, Տ. Վարուժան արք. Հերկէլեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչները, շրջանաւարտների ծնողները եւ հիւրեր:

Երեկոն, որն իր զարդարանքով ամանորեայ տօնական մթնոլորտ էր ստեղծել, բացւած յայտարարւեց զոյգ դպրոցների գրադարանավարուհի Կարին Տէր Մարտիրոսեանի հանդիսավարութեամբ, ով ողջունելով ներկաներին, անդրադարձաւ հայ դպրոցի դերին եւ նրա ազդեցութեանը հայ մարդու եւ յատկապէս հայ աշակերտի կեանքում: Բացման խօսքից յետոյ հանդիսատեսի բուռն ծափողջոյնների ներքոյ դահլիճ հրաւիրւեցին շրջանաւարտները: 

Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի խօսքն ընթերցւեց նոյն խորհրդի անդամ Սաթօ Աւետումեանի միջոցով, ով անդրադառնալով հայ դպրոցի դերակատարութեանը՝ նոր սերնդին հայեցի դաստիարակութիւն տալու գործում, եւ յորդորելով շրջանաւարտներին՝ աշխատել ջանասիրաբար ու մասնագիտանալ գիտութեան աշխարհում եւ իրենց իմացածը փոխանցել ու տարածել ուրիշներին, ասաց. «Ապագայում որտեղ էլ որ լինէք եւ ինչ կրթութիւն ու մասնագիտութիւն էլ որ ստանաք չմոռանաք, որ այն պէտք է ծառայեցնել հայ ժողովրդին եւ նրա ընդհանրական շահերին»:

Այնուհետեւ շրջանաւարտները բեմ բարձրացան: Սկզբում Արգամ Թորոսեանն ու Օդելիա Տէր Սուքիասեանն ընթերցեցին աշակերտական խօսքը, որից յետոյ Անի եւ Արփի Ակոններն արտայայտւեցին հայ դպրոցի հանդէպ իրենց զգացմունքների մասին: 

Յաջորդիւ Պարոյր Սեւակի գրչին պատկանող «Եռաձայն պատարագ»-ը ասմունքեցին Անդրիա Խաչատրեանը, Միրօ Ղազարեանը եւ Մենուա Յովսէփեանը, որի ընթացքում «Ով հայ» եւ «Հայաստան աշխարհ» երեգերով հանդէս եկաւ Վանա Շիրւանեանը, իսկ «Հայաստան» երգը միասնաբար կատարեցին շրջանաւարտները: 

Սիլւա Կապուտիկեանի «Երդւում եմ» բանաստեղծութիւնն արտասանեցին Մեղմիկ Ղազարեանը եւ Ալեքս Աբդալեանը, որին միաձայնութեամբ հաստատում տւեցին բոլոր շրջանաւարտները «Երդւում եմ» խօսքով:

Այնուհետեւ շրջանաւարտները յուզւած եւ արցունքոտ աչքերով կատարեցին «Վերջին զանգ» երգը, որից յետոյ տեղի ունեցաւ մի գեղեցիկ անակնկալ, որտեղ «Քանանեան» աղջ. դպրոցի միջնակարգի 3-րդ դասարանի աշակերտուհիները կարկանդակով ու ծաղիկներով սրահ մուտք գործեցին՝ հրաժեշտ տալու շրջանաւարտներին: Պահը յուզիչ էր եւ միեւնոյն ժամանակ հաճելի թէ շրջանաւարտների եւ թէ նրանց ծնողների ու ուսուցիչների համար: 

Գեղարւեստական ծրագրի աւարտին տեղի ունեցաւ վկայականաբաշխում: Ձեռամբ առաջնորդ Սրբազան Հօր, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ պատկան ուսուցիչ-ուհիների, նախ զոյգ դպրոցների երեք լաւագոյն աշակերտ-ուհիները ստացան գնահատագրեր ու նւէրներ, ապա շրջանաւարտները՝ իրենց վկայականները:

Երեկոն աւարտւեց թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի հայրական օրհնանքով: Սրբազան հայրն ամանորեայ տօնածառը նմանեցնելով շրջանաւարտներին, ովքեր ունեն տարբեր ճիւղեր, զարդեր ու լոյսեր եւ նրանց պարգեւ համարելով իրենց ուսուցիչների, ծնողների, ազգային մարմինների ու պատասխանատուների համար, գնահատանքի խօսք ուղղեց ուսուցիչ-ուհիներին, որոնք առաջին օրւանից հետեւել են աշակերտներին՝ նրանց փոխանցելով հոգի, գիտութիւն ու հայեցի դաստիարակութիւն: Նա գնահատանքի խօսք ուղղեց նաեւ ծնողներին՝ աշակերտներին հայոց դպրոցում կրթութեան տալու համար: 

Տ. Բաբգէն արք. Չարեանն իր խօսքն ուղղելով շրջանաւարտներին կարեւորութեամբ ասաց. «Ուսումն ինքնանպատակ չէ, ինչ ուսում էլ որ ստանաք, ինչ հարստութիւն էլ որ ձեռք բերեք, պէտք է այն արժեւորէք եւ ծառայեցնէք ի նպաստ մեր ժողովրդի»: Սրբազան Հայրը վերջում շնորհաւորելով շրջանաւարտներին իրենց ձեռքբերումների ու նւաճումների կապակցութեամբ, յորդորեց, որ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին զինւեն եւ առաւել հարստանան գիտութեամբ՝ ապագայում տարբեր միջավայրերում իրենց խօսքն ասելու եւ հայ ժողովրդի նահատակների եւ ոտնահարւած իրաւունքների տէրն ու պաշտպանը լինելու համար:                                                                                                                

Ծրագրից յետոյ տեղի ունեցաւ ընդունելութիւն՝ «Քանանեան» եւ «Կատարինեան» դպրոցների Ծնողական խորհուրդների կազմակերպութեամբ: 

 

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան