Շաբաթ՝ դեկտեմբերի 27-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի տեղի ունեցաւ հայ ուսուցչի մեծրաման երեկոյ, որին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների՝ հանգստի կոչւած ու աշխատող հայ տեսուչներ, փոխտեսուչներ եւ ուսուցիչներ: Ծրագրին հրաւիրւել եւ ներկայ էր նաեւ վերջերս առյաւէտ մեզանից բաժանւած հայոց ազգային դպրոցների տարիների ուսուցչուհի հանգուցեալ Անահիտ Կիրակոսեանի ամուսինը՝ Ռազմիկ Տէր Գրիգորեանը:

Երեկոյի հանդիսավարութիւնը կատարեց Կրթական խորհրդի գործավար Մադլէն Ղարիբեանը, ով սկզբում ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ իրենց յարգանքի տուրքը մատուցեն հանգուցեալ Անահիտ Կիրակոսեանի անթառամ յիշատակին, ապա ողջունելով ներկաներին, հրաւիրեց Կրթական Խորհրդի ներկայացուցիչ Սաթօ Աւետումեանին օրւայ առթիւ խորհրդի խօսքն արտայայտելու: Նա իր խօսքում հայ ուսուցիչներին հայեցի դաստիարակութիւն տւող մերօրեայ մաշտոցներ անւանելով՝ կարեւորութեամբ նշեց. «Այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը, որի շրջագծում մեր թեմում ծրագրւել եւ իրագործւում են քաղաքական, մշակութային եւ այլ բնոյթի բազմատեսակ միջոցառումներ ու աշխատանքներ: Կրթական ոլորտի աշխատանքների գծով բոլորս միասնաբար՝ սկսած Կրթական խորհրդից մինչեւ հայոց ազգային իւրաքանչիւր դպրոցի տեսչութիւն, ուսուցչական կազմ, ծնողական խորհուրդ եւ աշակերտ, մեր յատուկ միջոցառումներն ու դաստիարակչական եւ քարոզչական աշխատանքները պէտք է կազմակերպենք՝ յիշել, յիշեցնել եւ պահանջել նշանաբանի ներքոյ, քանի որ սա է հայ ուսուցչի, եւ յատկապէս սփիւռքեան պայմաններում հայապահպանման խնդրի առջեւ կանգնած հայ ուսուցչի կարեւորագոյն առաքելութիւնը»: 

Ծրագրի շարունակութեան մէջ հանգուցեալ Անահիտ Կիրակոսեանի յիշատակին արտայայտւելու համար բեմ հրաւիրւեց նրա գործընկերներից՝ «Արմէն» տարրական կրթահմալիրի հայերէն առարկաների դասատու Միգանուշ Տէր Մարտիրոսեանը, որը նոյն դպրոցի տեսչութեան եւ ուսուցչական կազմի անունից ընթերցած իր խօսքում, անդրադառնալով հանգուցեալի յատկանիշերին եւ իւրայատկութիւններին, խորը ափսոսանք յայտնեց նման բարի, աշխոյժ եւ յանձնառու գործընկերոջ կորստի համար: Խօսք տրւեց նաեւ հանգուցեալի ամուսին Ռազմիկ Տէր Գրիգորեանին, ով շնորհակալութիւն յայտնելով Կրթական խորհրդին միջոցառմանը հրաւիրելու կապակցութեամբ, առիթը շնորհաւորելով բոլոր ուսուցիչներին, մի գեղեցիկ ծաղկեփունջ նւիրեց նրանց:

Ապա բեմը տրամադրւեց «Անի» նւագախմբի անդամներին, ովքեր ղեկավարութեամբ Արին Խաչիկեանի եւ երգեցողութեամբ Կարէն Օհանեանի, Սարօ Ղարախանեանի եւ Րաֆֆի Խուդաբախշեանի երեկոն առաւել զարդարեցին հայ երգերի կատարումներով: 

Գնահատագրերի բաշխման բաժնում ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի, թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի փոխատենապետ Մկրտիչ Աւետումեանի, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետեր Նոէլ Մինասեանի եւ Վաչիկ Հայրապետեանի գնահատագրեր յանձնւեցին ուսուցչի կոչումը կրող ներկաներին: 

Այնուհետեւ Թեմական խորհրդի անունից կազմի ատենապետ Նոէլ Մինասեանը շնորհաւորանքներ փոխանցելով օրւայ առթիւ եւ 2015 թւականի Ամանորի կապակցութեամբ՝ բոլորին մաղթեց առողջութիւն, նորանոր յաջողութիւններ եւ ծառայութեան մեծ հնարաւորութիւն: Պրն. Մինասեանն իր խօսքում յայտարարելով, որ հայ մշակոյթի հանրահռչակման եւ հայապահպանութեան զարգացման գործում ունեցած զգալի աւանդի համար՝ Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարի կողմից պատւոգրի է արժանացել հայոց ազգ. «Քանանեան» աղջ. ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցի փոխտեսուչ եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի գեղարւեստական ղեկավար Ռիմա Սիմոնեանը, այդ հպարտառիթ իրադարձութեան կապակցութեամբ շնորհաւորեց տկն. Սիմոնեանին եւ պատւոգիրը յանձնեց նրան, որից յետոյ պատւոգրի արժանացած ուսուցչուհին հանդէս եկաւ շնորհակալական խօսքով ուղղւած ՀՀ մշակոյթի նախարարութեանը, թեմի ազգային իշխանութեանը, իր ընտանիքին եւ կրթական ու մշակութային աշխատանքներում իրեն աջակցողներին: 

Միջոցառումը եզրափակւեց թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի հայրական օրհնանքով: Նա իր խօսքի սկզբնական բաժնում աղօթելով առ բարձրեալն Աստւած հանգուցեալ Անահիտ Կիրակոսեանի եւ մեզանից առյաւէտ բաժանւած բոլոր ուսուցիչ-ուհիների հոգիների խաղաղութեան համար, իր եւ թեմի ազգային իշխանութեան անունից գնահատանքի խօսք ուղղեց հանգստի կոչւած եւ աշխատող հայ ուսուցիչներին՝ իրենց կատարած նւիրական աշխատանքի կապակցութեամբ, իսկ պատւոգիր ստանալու համար շնորհաւորանքի խօսք ասաց Ռիմա Սիմոնեանին:

Թեմակալ առաջնորդն իր արտայայտութիւնների շարունակութեան մէջ նշելով, որ սփիւռքեան պայմաններում հայ ուսուցչի առաքելութիւնն առաւել նւիրական է սերունդներ դաստիարակելու առումով, կրթական մշակներին յորդորեց վերազինւել գիտութեամբ եւ հայ նոր սերնդին ներշնչել այնպիսի ոգի, հաւատ ու կամք, որպէսզի ապագայում շարունակելով մեր նախնիների ուղին, մեր արդար իրաւունքների պաշտպանը հանդիսանան եւ հայի ինքնութիւնն ու արժէքները անաղարտ պահեն: 

Երեկոյի աւարտին աւանդոյթի համաձայն կրթահամալիրի բակում բոլորը միասնաբար լուսանկարւեցին, ապա վայելեցին հայոց ազգ. «Արմէն» տարրական կրթահամալիրի Ծնողական խորհրդի կազմակերպած հիւրասիրութիւնը:

 
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան