2015 թւականի յունւարի 1-ի առաջին պահերին՝ առաւօտեան ժամը 30 րոպէին, Ս. Ամենափրկչեան Վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցում, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ հաւատաւոր հայորդիների ներկայութեամբ, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանի նախագահութեամբ, գերշ. Տ. Վարուժան արքեպս. Հերկելեանի, հոգեւորականաց եւ դպրաց դասերի մասնակցութեամբ, գոհաբանական աղօթք մատուցւեց առ բարձրեալն Աստւած՝ Ամանորի առթիւ։
Առաջնորդ Սրբազան Հայրը գոհաբանական մաղթանքից յետոյ իր շնորհաւորանքի խօսքը փոխանցեց բարեպաշտ ժողովրդին, աշխարհին մաղթեց խաղաղութիւն եւ անդորրութիւն։ Թեմի զաւակների համար Աստծուց հայցեց բարի եւ իղձերի իրականացման տարի։ Գերշ. Սրբազան Հայրը Նոր Տարւայ առաջին պահերը Տիրոջ տան մէջ անցկացնելը գեղեցիկ եւ գնահատելի երեւոյթ համարեց, յիշեց բոլոր ննջեցեալներին, հիւանդներին, տկարներին, աղքատներին ու անկեալներին, որպէսզի Աստւած նրանց արքայութիւն, առողջութիւն եւ վերականգնում շնորհի։
***
Յունւարի 1-ի առաւօտեան ժամը 10։30-ին, Ամանորի առթիւ եպիսկոպոսական Ս. Պատարագ մատուցւեց Ս.Ա. Վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցում։ Պատարագիչն էր թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանը, որին սպասարկում էին արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը եւ արժն. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը։ Արարողութեանը ներկայ եղան նաեւ գերշ. Տ. Վարուժան արքեպս. Հերկելեանը, հոգեւորականց դասը, իսկ Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս.Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբը։
Գերշ. Սրբազան Հայրը Ս. Պատարագի ընթացքում քարոզի պահին շեշտելով, որ 2015 թւականը իւրայատուկ է լինելու հայ ժողովրդի համար ասաց. «2015 Նոր Տարին մէկ այլ տարի է լինելու համայն հայութեան համար. հարիւր տարւայ անցեալի մեր պատմութեան հաշւեյարդարն ենք կատարելու: 2015 թւականը լինելու է իւրաքանչիւր հայի համար զգօնութեան, արթնութեան, ինքնութեան պահպանման, յիշեցման եւ մանաւանդ պահանջատիրութեան տարի... Անցնող հարիւր տարիների ընթացքում մենք չմոռացանք մեր նահատակներին, յիշեցինք եւ միաժամանակ յիշեցրինք աշխարհին, որ մենք բռնաբարւած իրաւունքներ ունենք: Պահանջեցինք ու տակաւին հարիւր տարի յետոյ, շարունակում ենք մեր պահանջատիրական պայքարը... Հարիւր տարի յետոյ՝ այսօր, պէ՛տք ունենք աւելի զգօն լինելու, աւե՛լի արթուն լինելու, ըստ այնմ՝ վերանորոգելու մեր յանձնառութիւնը եւ շարունակելու մեր պահանջատիրական պայքարը: Հարիւր տարի անց, ազգովին վրէժխնդիր ենք լինելու, մինչեւ որ արդարութիւնը մեզ այցելի, ինչպէս Եսայի մարգարէն ասում է. «Նրա գերեզմանի համար՝ չարութեան, իսկ Նրա մահւան համար մեծամեծ հարւածներով պիտի վրէժխնդիր լինեմ, որովհետեւ Նա անօրէնութիւն չգործեց...» (Ես 53.9)»։
Ս. Պատարագի ընթացքում տարւայ առաջին Ս. Հաղորդութիւնն ստացան ներկայ հաւատացեալները, իսկ արարողութիւնից յետոյ, Ս.Ա. Վանքի դահլիճում Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Ամանորեայ շնորհաւորանքներ։ Այնտեղ Ս.Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբն իր ամանորեայ շնորհաւորանքն ընթերցեց, որի մէջ գրւած էր. «Թող վերանան աշխարհի բոլոր արհաւիրքները եւ խաղաղութեան աղաւնին թեւածի ամբողջ աշխարհում։ Քաջառողջութիւն ենք մաղթում ազգային-հասարակական գործիչներին, նրանց նորանոր ձեռքբերումներ, իրագործումներ եւ համբերութիւն ենք մաղթում իրենց ազգանւէր գործում»։ Ապա արտայայտւեց Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը՝ ասելով. «2014 թւականին ունեցել ենք ձեռքբերումներ եւ բացթողումներ։ Ձեռքբերումներից գլխաւորները Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցու հիմնադրութեան 350-ամեակի նշման ծրագրերի պատշաճ կազմակերպումը, եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա շնորհազարդ Վեհափառ Հայրապետի յատուկ կոնդակով թեմակալ առաջնորդ Սրբազան Հօրը «արքութեան» տիտղոսի շնորհումն է»։ Պրն. Մինասեանն անդրադառնալով 2015 թւականին աւելացրեց. «2015 թւականին բազմաթիւ անելիքներ կան, որոնցից հիմնականը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումներն են։ Այս կապակցութեամբ բոլորս պարտաւոր ենք պատասխանատու կեցւածքով եւ միակամ յանձնառութեամբ աշխատանքի լծւել եւ ցանկալի արդիւնքներ ապահովել»։
Գերշ. Սրբազան Հայրը, մէկ անգամ եւս իր շնորհաւորանքները փոխանցեց ներկաներին, բոլորի համար մաղթեց յաջողութիւններով լի տարի։ Նա եւս անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին՝ նշեց. «Զգօն եւ պատասխանատու կեցւածք պէտք է ցուցաբերել այս ուղղութեամբ եւ անհրաժեշտ է վերանորոգ կամքով պայքարել՝ արդարութեան վերականգնման համար»։ Թեմակալ առաջնորդը համայնքի բոլոր անդամներին մաղթեց արեւշատութիւն եւ առողջութիւն, նաեւ ցանկացաւ աշխուժ կեանք, բարի ու արդիւնաւէտ գործունէութիւն ազգային, կրօնական, կրթական, մշակութային, հասարակական ասպարէզներում։
Վերջում ներկաները միասնաբար կատարեցին «Կիլիկիա» երգը, ապա շնորհաւորանքներ փոխանցեցին Առաջնորդ Սրբազան Հօրը, հոգեւորականց դասին եւ ազգային իշխանութեանը։
Հաւատացեալները տարւայ առաջին օրը սկսեցին ուրախութեամբ, աղօթքով եւ Աստծուն գոհութիւն մատուցելով, յոյս ունենալով, որ գալիք տարին Աստծու օգնութեամբ լինելու է խաղաղութեան տարի։