«ԻՒՆԵՍԿՕ»-ի հովանաւորութեամբ աշխատող Լիբանանի մարդկային իրաւունքների կենտրոնի նախագահը եւ երկու այլ անդամներ, ընկերակցութեամբ տեղական պետական պաշտօնատարների եւ համալսարանական դասախօսների, հինգշաբթի՝ 2014 թւականի դեկտեմբերի 25-ի կէսօրին այցելեցին Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի, «Խաչատուր կեսարացի»-ի անւան թանգարան, ապա Ծաղկեայ դահլիճում տեսակցութիւն եւ զրոյց ունեցան Սպահանի հայց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանի, Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում, պատւիրակութեան պատասխանատուն ընդհանուր գծերով ներկայացրեց խմբի Իրան ճամբորդելու նպատակների մասին, ընդգծելով կրօնների երկխօսութեան եւ միջազգային յարաբերութիւնների զարգացման պարագաները:
Առաջնորդ Սրբազան Հայրը խօսեց ընդհանրապէս իրանահայութեան եւ մասնաւորաբար Սպահանի հայ համայնքի կացութեան վերաբերեալ, շեշտելով մարդկային իրաւունքների ներկայացուցիչների յոյժ կարեւոր դերը՝ անարդարութիւնների վերացման գործում: Գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանը կարեւորութեամբ ընդգծեց, որ նման կենտրոններ պէտք է իրենց ձայնը բարձրացնեն Ադրբեջանի հանրապետութեան որդեգրած քաղաքականութեան դէմ, որի հետեւանքով ծրագրաւորւած կերպով եւ պետական միջոցներով աւերւում են հայկական պատմա-մշակութային կոթողները, ինչպէս Հին Ջուղայի խաչքարերը, որոնք թէեւ հայկական եւ միջազգային մշակոյթի մեծ արժէք ներկայացնող հնութիւններ էին, սակայն եւրոպական երկրների աչքի առաջ հողին հաւասարւեցին: Թեմակալ առաջնորդը յիշեցրեց, որ այս մասին արտայայտւել է նաեւ Եւրոպայի միութեան արտաքին յարաբերութիւնների բաժնի նախագահ Քաթրին Աշտոնի այցելութեան ժամանակ: Գերշ. Սրբազան Հայրն մատնանշեց, որ հակառակ աշխարհում տարածւած սխալ քարոզչութեան, Իրանի իսլ. հանրապետութիւնը պետական մակարդակի ծրագրերով պահպանում եւ վերանորոգում է հայկական հնամենի ու պատմա-մշակութային արժէք ներկայացնող կոթողները:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին, Թեմակալ առաջնորդը յատուկ շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն յայտնեց արաբական աշխարհին, առ այն, որ Մեծ եղեռնի օրերին, բազմաթիւ արաբ ցեղախմբեր աքսորւած հայ գաղթականներին ապաստան տւեցին եւ հոգատարութեամբ վարւելով՝ բազմաթիւ հայերի փրկեցին մահւան ճիրաններից: