Սոյն թւականի նոյեմբերի 4-ի կէսօրից յետոյ ժամը 5:00-ին, Սպահանի Նահանգապետարանի Արարողակարգային բաժնի պատասխանատուի ուղեկցութեամբ Ս. Ամենափրկչեան Վանք այցելեցին Աւստրիայի Արտաքին Գործոց Նախարարի տեղակալ պրն. Ռայնհոլդ Լուփաթկան եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Աւստրիայի լիազօր դեսպան պրն. Ֆրեդրիխ Ըշթիֆտը: Պատւիրակութիւնը նախ այցելեց «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի, ապա «Խաչատուր Կեսարացի» անւան թանգարան, որից յետոյ Ծաղկեայ դահլիճում հանդիպում ունեցաւ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի հետ: Հանդիպմանը ներկայ էին նաեւ Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետեր պրնյք. Նոէլ Մինասեանը եւ Արշալոյս Խուդավերդեանը:
Հանդիպման սկզբում առաջնորդ Սրբազան Հայրը ուրախութիւն յայտնեց պատւիրակութեան անդամների այցելութեան առթիւ եւ առ ի ծանօթացում հակիրճ տեղեկութիւններ փոխանցեց Սպահանի Հայոց Թեմի ընդհանուր կացութեան եւ թեմում աշխատող եկեղեցիների, ազգային, մշակութային եւ մարզական կառոյցների մասին: Պրն. Լուփաթկանի հարցումներին պատասխանելով, թեմակալ առաջնորդը լուսաբանութիւններ տւեց Իրանում ապրող հայ համայնքի իրաւունքների եւ քաղաքացիական պարտաւորութիւնների ու պարտականութիւնների, կրօնական եւ ազգային ծիսակատարութիւնների անկախութեան եւ ազատութեան, նաեւ հայեցի կրթութեան ու քրիստոնէական դաստիարակութեան հնարաւորութիւնների կապակցութեամբ:
Գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանն իր երախտագիտութեան խօսքն ուղղեց՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ 1987 թւականին Եւրոխորհրդի կողմից ընդունւած բանաձեւի վաւերացման կապակցութեամբ Աւստրիայի կառավարութեան դրսեւորած դրական մօտեցման համար:
Աւստրիայի Արտաքին Գործոց Նախարարի տեղակալը բազմաթիւ հարցերով հետաքրքրւեց Իրանում ապրող քրիստոնեայ զանազան համայնքների ներքին յարաբերութեան եւ համագործակցութեան կապակցութեամբ: Թեմակալ առաջնորդը նշելով, որ այդ ուղղութեամբ բոլոր աշխատանքները կատարւում են առանց արգելքների եւ դժւարութեան, շեշտեց, որ նոյնիսկ գոյութիւն ունեն քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան համաժողովներ թէ Սպահանի եւ թէ միջազգային մակարդակների վրայ, որի ջատագովն ու ռահւիրան է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը: Սրբազան Հայրը յիշեց նաեւ, որ Արամ Ա Վեհափառ Հայրապետը 18 տարի վարել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ատենապետութիւնը՝ ցուցաբերելով գործօն եւ նախանձախնդիր կեցւածք:
Առաջնորդ Սրբազան Հօր խօսքերից յետոյ, արտայայտւեց Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը: Նա իր գոհունակութիւնը յայտնեց Իրանի Իսլ. Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան մէջ առաջացած բարենպաստ փոփոխութիւնների արդիւնքում արտաքին յարաբերութիւններում նկատւող դրական զարգացումների կապակցութեամբ եւ կարեւորութեամբ ընդգծեց պատւիրակութեան առաքելութիւնը՝ երկու երկրների միջեւ փոխ-յարաբերութիւններն առաւել ամրապնդելու եւ ընդլայնելու ուղղութեամբ: Պրն. Մինասեանը պատասխանելով պրն. Լուփաթկանի հարցումներին՝ հայ համայնքի կենցաղային եւ ապահովական իրավիճակի վերաբերեալ, շեշտեց, որ Իրանի կեցւածքը փոքրամասնութիւնների նկատմամբ միշտ եղել է դրական եւ զանազան միջոցներով օժանդակութիւններ են ցուցաբերւել նրանց. որպէս օրինակ, պրն. Մինասեանն ասաց. «Մինչ Իրանի հիւսիս-արեւմտեան սահմանին կից Ադրբեջանի հանրապետութիւնը հին Ջուղայում ամենայն լկտիութեամբ կործանում էր հայութեանը պատկանող խաչքարերն ու պատմա-մշակութային յուշարձանները, այս կողմ՝ իրանական սահմանի մէջ պետական հաստատութիւնների միջոցներով պահպանւում եւ նորոգւում են մեր պատմական վանքերը, եկեղեցիներն ու կոթողները»:
Այս բոլոր պարզաբանումները կատարելուց յետոյ, պրն. Մինասեանը դիմելով պատւիրակութեան անդամներին՝ յոյս յայտնեց, որ նրանք եւրոպական կառոյցներին ճշգրիտ տեղեկութիւններ փոխանցելով՝ հարազատ թարգմանն են հանդիսանալու Իրանում տիրող մթնոլորտի արտացոլման ուղղութեամբ, որով արեւմտեան երկրներում Իրանի Իսլ. Հանրապետութեան դէմ ձեւաւորւած անիրական եւ սխալ մտայնութիւններն ու գաղափարները կը սրբագրւեն եւ կը վերացւեն թիւրիմացութիւնները նրանց մօտ:
Հիւրերն իրենց հիացմունքը յայտնեցին Ս. Ամենափրկչեան պատմական Վանքի հրաշակերտ կառոյցի վերաբերեալ: Այնուհետեւ լուսանկարւելուց յետոյ, հրաժեշտ տւեցին առաջնորդ Սրբազան Հօրն ու պատասխանատու անձանց: