Նախաձեռնութեամբ Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի, հինգշաբթի եւ ուրբաթ՝ դեկտեմբերի 4-ի եւ 5-ի երեկոյեան ժամը 7-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բազմահարիւր հանդիսատեսի ներկայութեամբ, տեղի ունեցան Ջաւախքին նւիրւած ազգային-յեղափոխական երգերի զոյգ փառատօները:
Հինգշաբթի օրը կայացաւ 2-րդ մանկական փառատօնը, որին մասնակցել էին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի տարրական դպրոցների չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ դասարաններից 17 աշակերտ-ուհիներ, իսկ ուրբաթ անցկացւեց 6-րդ փառատօնը, մասնակցութեամբ 16 տարեկանից վեր 18 երգիչ-ուհիների՝ Թեհրանից, Նոր Ջուղայից եւ Շահինշահրից: Երկու երեկոների ընթացքում մասնակիցները ազգային-յեղափոխական երգերի կատարումներով ոգեշնչեցին հանդիսատեսին:
Փառատօնին զուգահեռ կազմակերպւել էր նաեւ ամենամեայ նւիրահաւաքը՝ յօգուտ ջաւախքահայութեանն օժանդակելու նպատակով ստեղծւած հիմնադրամի:
Երկու օրւայ միջոցառումների հաղորդավարն էր Մանիա Ղուկասեանը:
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան