Ուրբաթ, նոյեմբերի 24-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի կենտրոնական սրահում, մեկնարկը տրւեց «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց ուղեցոյց ու միջնակարգ դպրոցների ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքի, որն այս տարի նւիրւած էր Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին: Ցուցահանդէս-վաճառքի բացման արարողութեանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ ու համայնքի անդամներ:
Սոյն ցուցահանդէսը, որի կազմակերպման գործում ինչպէս միշտ իրենց աշխոյժ մասնակցութիւնն էին ցուցաբերել զոյգ դպրոցների տեսչութիւնները, ուսուցչական կազմերն ու ծնողական խորհուրդները, բացւած յայտարարւեց աշակերտուհի Նարէ Վարդանեանի խօսքով, ուր անդրադարձել էր գրքի եւ ընթերցանութեան կարեւորութեանը, այնուհետեւ ներկաներին առիթ ընձեռւեց շրջելով դահլիճում, մօտկից ծանօթանալ ըստ թեմայի եւ տարիքային խմբաւորման առաձնացած կրպակներում ցուցադրւած գրքերին:
Ընթացքում տեղի ունեաւ նաեւ գրքի ծանօթացում, որտեղ նախ ուսուցչուհի Քառոլին Դիլանչեանը ներկաներին ծանօթացրեց իտալացի, սակայն ծագումով հայ՝ Անտոնիա Արսլանի գրչին պատկանող «Արտոյտների ագարակը» գիրքը, որտեղ հեղինակը գրի է առել Հայոց Ցեղասպանութեան թեմայով մի եղերական պատմութիւն, ապա անգլերէն լեզւի դասատու Սեւան Ղազարեանն արտայայտւեց իր հեղինակած անգլերէն դասագրքերի եւ դրանց տարբեր մակարդակների համար նախատեսւած հատորների մասին: Իսկ վերջում խմբավար եւ դաշնակահար Համիկ Ալեքսանդրեանը ներկաներին ծանօթացրեց իր մշակած «Կապոյտ երկինք» խորագրով երաժշտութեան գիրքը, ուր տեղ են գտել խմբավարի միջոցով վերամշակւած երաժշտութիւններ՝ իրանի տարիների փոփ երգիչների երգերի: