Կիրակի՝ օգոստոսի 18-ի առաւօտեան, հանդիսաւորութեամբ նշւեց Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդը՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում՝ մատուցելով սուրբ եւ անմահ Պատարագ, որին յաջորդեց աւանդական Խաղողօրհնէքի արարողութիւնը: Ս. Աստւածածին եկեղեցու Ս. Պատարագին, որը նաեւ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնն էր, նախագահում էր Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, օրւայ պատարագիչն էր արժն. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, իսկ երգեցողութեամբ մասնակցում էր Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Յընթացս Ս. Պատարագի Առաջնորդ Սրբազան Հայրն իր հայրական պատգամն ուղղեց ժողովրդին, որում անդրադառնալով «Հայ Մօր Տարւան» եւ Աստւածամայր Ս. Կոյս Մարիամին՝ որպէս մայրութեան տիպար, աւելացրեց. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը 2013 թւականը «Հայ Մօր Տարի» հռչակելով՝ ցանկացաւ, որ մենք առաւել ուշադրութիւն դարձնենք մօր առաքելութեանը, աշխատանքին, սրբութեանն ու անարատութեանը: Այսօր կոչ ենք ուղղում բոլոր մայրերին, կանանց եւ աղջիկներին, ովքեր ապագայում մայր պէտք է դառնան, որ իրենց կեանքի ուղեգիծը եւ օրինակը դարձնեն Ս. Կոյս Մարիամին, ով հնազանդւելով աստւածային կոչին՝ սիրոյ, խոնարհութեան, նւիրումի եւ զոհողութեան խորհրդանիշը դարձաւ: Թող մեր մայրերը դառնան դաստիարակ՝ իրենց զաւակների համար, ինչպէս դարձաւ Ս. Կոյս Մարիամը: Թող մեր մայրերն առողջ զաւակներ դաստիարակեն՝ վաղւայ համար, որպէսզի մեր ազգը հպարատանայ ու զօրանայ եւ մեր եկեղեցին պայծառանայ»: Այնուհետեւ Սրբազան Հայրը շնորհաւորելով Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնի կապակցութեամբ, անդրադարձաւ քիչ յետոյ կատարւելիք Խաղողօրհնէքի արարողութեանը եւ ասաց. «Խաղողօրհնէքը հեթանոսական սովորութիւն լինելով հանդերձ, իր մէջ ընդգրկում է քրիստոնէական իմաստ: Մենք պտուղների մայրը՝ խաղողը, օրհնում ենք եկեղեցիներում, որովհետեւ այն դառնում է գինի եւ օգտագործւում պատարագներում՝ որպէս Քրիստոսի արեան խորհրդանիշ»:
Յաւարտ Ս. Պատարագի, բարեպաշտ ժողովրդի միոջոցով եկեղեցի բերւած խողողն օրհնւեց թեմակալ Առաջնորդի ձեռամբ, որից յետոյ այն բաժանւեց ներկաների միջեւ:
Թեմի միւս եկեղեցիներում նոյնպէս նշւեց Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը: Օրւայ պատարագիչներն են եղել՝ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում՝ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ արժն. Տ. Վաղինակ աւ. քհնյ. Շահիջանեանը, Ս. Ստեփանոս եկեղեցում՝ արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը եւ Ս. Յովհաննու եկեղեցում՝ արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը:
Տօնի առիթով ուրբաթ՝ օգոստոսի 16-ի առաւօտեան, նախագահութեամբ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ ձեռամբ արժն. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի, բազմահարիւր ուխտաւորների մասնակցութեամբ, Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում տեղի է ունեցել սուրբ եւ անմահ Պատարագ ու Խաղողօրհնէքի արարողութիւն: