Կիրակի՝ 19 Հոկտեմբերի երեկոյեան ժամը 7-ին, առաջնորդանիստ Սբ. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընկերակցութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս Չարեանի, հանդիպում ունեցաւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհրդների եւ Հաշւեքննիչ մարմնի անդամների հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը:
Հանդիպումն սկիզբ առաւ “Տէրունական” աղօթքով, որից յետոյ Սպահանի հայոց թեմի անունից թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը բարի գալստեան խօսք ուղղեց Վեհափառ Հայրապետին՝ Նոր Ջուղա կատարած այցելութեան առթիւ: Այնուհետեւ արտայայտւեց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Վարուժ Մինասեանը, ով նոյնպէս բարի գալուստ մաղթելով Վեհափառ Հայրապետին, յանուն թեմի ազգային մարմինների խոստացաւ, որ թէ բարոյապէս եւ նիւթապէս նեցուկ են հանդիսանալու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեանը՝ Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու ուղղութեամբ Թուրքիայի Սահմանադրական դատարանում դատ բացելու գործում:
Յաջորդիւ ելոյթով հանդէս եկաւ Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը, որը շնորհակալութիւն յայտնելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառին թեմիս հրաւէրն ընդառաջելու եւ Ս. Ամենափրկիչ վանքի “Ս. Յովսէփ Արեմաթացի” եկեղեցու 350-ամեակի միջոցառումներին մասնակցելու համար, կարեւորութեամբ ընդգծեց Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից՝ յանձինս Վեհափառ Հայրապետի իրականացւող ամուր եւ բարձր մակարդակի ղեկավարութիւնը, որը ոչ միայն արտացոլւում է եկեղեցական, այլեւ ազգային-հասարակական կեանքում ու Հայ Դատի աշխատանքներում:
Ներկաներին իր հայրապետական օրհնանքը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը գնահատելով թեմիս ազգային իշխանութեան կողմից իրականացւող աշխատանքները՝ ի մասնաւորի երիտասարդ ընտանիքների համար բնակարաններ կառուցելու ծրագիրը, կարեւորութեամբ շեշտեց. “Մեր եկեղեցին միայն կառոյց եւ աղօթավայր չէ, այն իր կոչումով ու էութեամբ ժողովրդին ուղղւած ծառայութիւն է: Եկեղեցու սրբութիւնը քարի մէջ չէ: Եկեղեցու մեծութիւնն ու հզօրութիւնն իր ծառայութեան մէջ է եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն այս գիտակցութեամբ է կազմւել”:
Վեհափառ Հայրապետն իր խօսքի շարունակութեան մէջ Կիլիկիոյ կաթողիկոսութեան կարեւոր առաջնահերթութիւններից համարեց երիտասարդութիւնը եւ յորդորեց երիտասարդութեանը մղել դէպի հայկական կառոյցներ: Նա կաթողիկոսութեան առաջնահերթութիւններից համարեց նաեւ կրօնական դաստիարակութիւնը եւ մասնագիտացւած ու հայութեանը ծառայող անհատների պատրաստութիւնը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն իր պատգամի մի այլ բաժնում անդրադառնալով Սիսի կաթողիկոսարանի վերադարձնելու ուղղութեամբ դատ բացելու առնչութեամբ վերջին երեք տարիների ընթացքում իր կողմից իրականացւած հանդիպումներին, խորհրդակցութիւններին եւ փաստերի հայաթայթման աշխատանքին՝ աւելացրեց. “Այս դատը յաջողելու կամ ձախողելու երկու պարագներում եւս յաղթանակը հայ ժողովրդինն է լինելու, քանի որ այսպիսով Հայ Դատն իրաւական դաշտ է փոխադրւելու եւ թուրք ցեղասպանին ապացուցւելու է, որ 100 տարիներ անց հայ ժողովուրդը մնացել է նոյն իրաւատէրն ու պահանջատէրը”:
Հանդիպման երկրորդ բաժնում Վեհափառ Հայրապետն սպառիչ պատասխաններ տւեց ներկաներին յուզող հարցերին եւ ունկնդրեց նրանց տեսակէտները՝ ազգային աշխատանքների տարբեր ոլորտների կապակցութեամբ: Երեկոն աւարտւեց Վեհափառ Հօր “Պահպանիչ” աղօթքով: