Նախաձեռնութեամբ Թեհրանի Հայ Մ. Մ. «Նայիրի» միութեան եւ համագործակցութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան, ուրբաթ՝ նոյեմբերի 22-ի երեկոյեան, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում, «Նայիրի» պարախումբը, գեղարւեստական ղեկավարութեամբ՝ Արտաւազդ Աւետիսեանի, հանդէս եկաւ տարեկան համերգով, որը նւիրւած էր իր հիմնադրման եւ գործունէութեան 15-ամեակին: Խմբի գլխաւոր պարուսոյցն է Մերի Աւետիսեանը:

«Արարատ» միութեան հրաւէրով միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների եւ շրջանիս Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները եւ միութեան արտօնատէր՝ Թաթուլ Օհանեանը։ Ներկայ էին նաեւ Թեհրանից ժամանած՝ խմբին ընկերակցող հիւրերը եւ ժողովուրդ:

Երեկոյի մեկնարկը տրւեց Սիրուշոյի «Զարթօնք» երգի ներքոյ պարով, որից յետոյ  ներկաներին ողջունեց եւ բացման խօսքով հանդէս եկաւ՝ Մշակութային միաւորի վարչութեան անդամուհի Արսինէ Մարգարեանը: Նա նախ անդրադարձաւ ազգերի դիմագիծը պահպանող եւ մէկը միւսից զանազանող ամենակարեւոր գործօններից՝ մշակոյթի դերին ու նշանակութեանը,    ապա մէջբերում  կատարեց  պարը բնութագրող Կոմիտաս վարդապետի մտքերից, որտեղ ասւած է. «Պարը ոչ միայն արւեստ է, այլ գիտութիւն: Պարն առաջին իսկ պահից սովորեցնում է ՄԵՆՔ լինելը: Այն առաջացնում է միասնութիւն. պարի ամէն մի շարժումը՝ գեղեցկութիւնից բացի, առանց բառերի փոխանցում է ուժ ու յաղթութիւն»: 

Տկն. Մարգարեանը նաեւ հանդիսատեսին ներկայացրեց յոբելեար պարախմբի հիմնադրման եւ ծաւալած գործունէութեան ու ձեռքբերումների մասին հակիրճ տեղեկութիւններ:

Երեկոյի ընթացքում խումբը հանդէս եկաւ հայկական եւ օտար ազգերին պատկանող խմբային ու մենապար 18 հոյակապ պարային համարներով, որոնք հիացմունք պատճառեցին հանդիսատեսին:

Նշելի է, որ երեկոն ընդմիջւեց հետաքրքիր տեսանիւթի ցուցադրմամբ, որով հատւածներ ներկայացւեցին խմբի գործունէութիւնից ու անխոնջ աշխատանքներից: 

Համերգը եզրափակւեց ազգագրական պարերի երկարաշունչ համարով, ինչը շարունակւեց պարի ամբողջ կազմի բեմ ելնելով եւ Մշակութային միաւորի միջոցով խմբին ծաղկեկներ նւիրելով:

Երեկոյի աւարտին տեղի ունեցաւ փոխադարձ յուշանւէրների յանձնում՝ «Նայիրի» միութեան վարչութեան փոխ-նախագահ Արմոնդ Մովսիսեանի եւ «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Սարօ Պօղոսեանի միջեւ:

Յատկանշելի է, որ պարերի բեմադրութիւնը կատարել էին՝ Մերի Աւետիսեանը (11 պար), Արտաւազդ Աւետիսեանը (5 պար), Էդգար Աւետիսեանը (1 պար) եւ Մելան Սեֆեանը (1 պար)։ Պարուսոյցներն էին՝ Թինա Անտոնը (թիւ 3  խմբի) եւ Սիւնէ Շահվալադեանը (թիւ 1 եւ 2 խմբերի): Փորձավարների կազմը ներկայացնում էին՝ Մինէ Միրզախանեանը, Էլին Մելիք-Սէթեանը, Անի-Քրիստի Դանիէլեանը եւ Վենիտա Միրզախանեանը, իսկ  յանձնախումբը ներկայացնում էին՝ Անի Աբրահամեանի գլխաւորութեամբ՝ Հրաչիկ Շահբազեանը, Ռուբինա Յարութիւնեանը, Այլին Մարութեանն ու Էրիքա Քարիմ-Մասիհին:

 

Թղթակից (Նոր Ջուղա)