Շաբաթ՝ հոկտեմբերի 12-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ  մատուցւեց Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ:

Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Արարողութեանը մասնակցում էր նաեւ թեմի եկեղեցականաց դասը:

Քահանայ հայրն իր քարոզախօսութեան ընթացքում անդրադարձ կատարելով տառերի գիւտի պատմական անցեալին եւ դրա կարեւորութեանը՝ հայ ժողովրդի ինքնութեան պահպանման ու գոյատեւման գործում, կոչ արեց աշակերտութեանը ոչ միայն գերազանց սովորել հայերէն լեզուն, այլ նաեւ այն լաւապէս սովորեցնել յետագայ սերունդներին:

Սուրբ Պատարագին ներկայ էին՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի սաներն ու պատասխանատուները եւ ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)