«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ յուլիսի 2-ին Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը, Իրանի Իսլամական խոհրդարանում հանդիպում են ունեցել հիւրաբար Իրանում գտնւող Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութեան երիտասարդ դիւանագէտների մի պատւիրակութեան հետ:
Այս քայլը երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների շրջագծում է կատարւել, որի ընթաքում երկու երկրների երիտասարդ դիւանագէտների փոխայցելութիւններ են իրականանում: Հանդիպումների ընթացքում լինում են ուսուցողական դասընթացներ եւ փոխճանաչողութիւն, պատւիրակութիւնը մէկ օրեայ այցով եղել է Սպահանում նաեւ:
Պատգամաւոր Արա Շահվերդեանը նշել է, որ կայացած հանդիպման ընթացքում ինքը եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը բացատրութիւններ են փոխանցել իրանահայ համայնքի դրւածքի եւ Իրանի Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների եւ նրանց աշխատանքների մասին: Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպման աւարտին պատգամաւորները, երիտասարդ դիւանագէտներին ծանօթացրել են Իրանի Իսլամական խորհրդարանի տարբեր բաժինների հետ: