Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, այսուհետեւ ճշտւած պարբերականութեամբ (իւրաքանչիւր ամսւայ 3-րդ չորեքշաբթի օրը) իրականացւելու են «Սպասարկման սեղան» խորագրով ժողովրդական հանդիպումներ, որտեղ թեմի զաւակները առիթ են ունենալու իրենց խնդրանքները, տեսակէտներն ու առաջարկները դէմ առ դէմ, անհատապէս փոխանցելու ազգային մարմինների անդամներին՝ փոխադարձաբար նրանցից ստանալով դրանց լուծման կամ իրականացման համար խոստում եւ ուղղութիւն:
Վերոնշեալ հանդիպումների շարանի մեկնարկը տրւեց չորեքշաբթի՝ հոկտեմբերի 18-ի երեկոյեան, Նոր Ջուղայի առաջնորդանիստ «Ս. Ամենափրկիչ» վանքում, որտեղ Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Վարուժ Մինասեանը, Նարբէ Ջարդն Դաւուդը եւ Տարօն Տէր Մարտիրոսեանը, Բարեսիրական մարմնի ատենապետ Կարօ Յովսէփեանը, Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, Կալւածա-Տնտեսական մարմնի ատենապետ Րաֆֆի խուդավերդեանը, Գերեզմանատան բարեզարդման մարմնի ատենապետ Էդիկ Ղազարեանը եւ Ուսանողական կրթաթոշակների հոգաբարձութեան ատենապետ ու միեւնոյն ժամանակ Թեմական խորհրդի անդամ Ռայեա Խուդավերդեանը ունկնդրեցին դիմորդների խնդրանքները, դժւարութիւնները եւ իհարկէ տեսակէտներն ու առաջարկները:
Հանդիպումներին մասնակցած եօթ դիմորդները, ովքեր նախապէս հերթագրւել էին Թեմական խորհրդի յայտարարութեան համաձայն, իրենց առաջարկներն ու ակնկալիքները արծարծեցին բնակարանային խնդիրների լուծման, մշակութային կենտրոնի հիմնադրման, Բոլորան հայաբնակ գիւղի բնակիչների կալւածների եւ մի շարք այլ հարցերի շուրջ :
Ազգային մարմինների ներկայացուցիչները լսելով իւրաքանչիւր դիմորդին՝ քննարկեցին պարագան եւ խնդրանքների իրականացման ու խնդիրների լուծման համար իրենց տեսակէտներն ու որոշումները արձանագրեցին՝ համապատասխան ժամկէտներ նկատի առնելով:
Թղթակից (Նոր Ջուղա)