Հինգշաբթի՝ սեպտեմբերի 28-ի առաւօտեան, Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանում մեկնարկեց 2023-2024 ուսումնական տարեշրջանը: Վերամուտի հանդիսութեանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, ազգային մարմինների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, վարժարանի՝ անձնակազմը, սաներն ու նրանց ծնողները:
Այս տարի վարժարանն ունի երրորդ եւ հինգերորդ դասարանների սաներ, իսկ Թեմական խորհուրդը ընթացք տալով մանկապարտէզի տարիքի զաւակ ունեցող երեք շահինշահրաբնակ ընտանիքների դիմումին եւ խորհրդակցաբար Կրթականի խորհրդի հետ, ընթացիկ տարեշրջանի համար «Սրբոց Վարդանանց» վարժարանի կողքին կազմակերպել է մանկապարտէզի դասարան, որը ենթակայ է լինելու Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզին:
Ծրագրի սկզբում սոյն ուսումնարանի տնօրէն Սաթենիկ Աւետումեանը ներկաներին հրաւիրեց յոտնկայս լռութեամբ յարգել հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին՝ ի մասնաւորի վերջին օրերին Արցախում զոհւած հայորդիների յիշատակը, ապա նա իր խօսքում ընդգծեց. «Այսօր ազգիս վաղեմի թշնամու սուրը դարձեալ ճօճւում է մեր գլխին եւ ամէն վայրկեան կարելի է, որ նրա սանձարձակ գործողութիւններն իրենց անդառնալի հետեւանքներն ունենան մեր ժողովրդի եւ հայրենիքի համար: Կացութիւնը անորոշ է եւ չափազանց ծանր, սակայն ոչ յուսահատեցնող ու թեւաթափ անող: Մենք պատմութեան ընթացքում բազմաթիւ անգամներ փաստել ենք, որ ունակ ենք մոխրից վեր յառնելու. ունակ ենք միասնական ջանքերով մեր ապագան կերտելու, իսկ մեզ՝ որպէս կրթական մշակներ, մնում է առաւել գօտեպնդւած լծւել աշխատանքի՝ յանուն ազգի ու հայրենիքի ապագայի, հայրենասէր ու գիտակից սերունդներ կրթելով ու դաստիարակելով»:
Շարունակութեան մէջ արտայայտւեց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը: Նա իր խօսքում շնորհակալական խօսք ուղղեց վարժարանի անձնակազմին, սաներին ու նրանց ծնողներին, ապա անդրադառնալով վարժարանի կողքին մանկապարտէզի դասարան կազմակերպելու աշխատանքին, բարձր գնահատեց այս ուղղութեամբ ազգային մարմինների կատարած գործունէութիւնը:
Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան խօսքն ասաց ատենապետ Րաֆֆի Բաբումեանը, ով իր ուրախութիւնը յայտնելով դպրոցական վերամուտի կապակցութեամբ, շնորհակալութեան խօսք ասաց թեմի Թեմական ու Կրթական խորհուրդներին՝ ի մասնաւորի Սաթենիկ Աւետումեանին, մանկապարտէզի դասարան կազմակերպելու ուղղութեամբ ջանք չխնայելու համար:
Ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա իր ուրախութիւնը յայտնեց, որ Շահինշահրի հայ համայնքը կենսունակ է, ապա ցաւով յիշեց Արցախի դպրոցների փակման փաստը եւ աւելացրեց, թէ ինչպէս իւրաքանչիւր վառարան կարիք ունի վառելանիւթի, այս դպրոցն էլ կարիք ունի մարդկային եւ նիւթական աղբիւրների, որոնցով կարելի է կրթել ու դաստիարակել այնպիսի մատաղ սերունդ, որն ի վիճակի կը լինի կերտել հայրենիքի ապագան եւ յատկապէս փրկել հայրենի Արցախը:
Վերջում բոլորը աղօթեցին, ապա աշակերտները Սրբազան Հօր ձեռամբ հնչած զանգի ղօղանջով, մուտք գործեցին դասարաններ: Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն ու նրան ընկերակցող պատւիրակութիւնն այցելեցին իւրաքանչիւր դասարան եւ մօտիկից ծանօթացան սաների հետ:
Թղթակից (Նոր Ջուղա)