Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, թւականիս մայիսի 7-8-ին, հովւական այցելութիւն կատարեց Խուզիստան նահանգի երբեմնի հայահոծ քաղաքներ՝ Ահւազ եւ Աբադան, ընկերակցութեամբ Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչներ Սարմէն Մինասեանի ու Սաքօ Տէր-Յովհաննիսեանի:
Երկուշաբթի՝ մայիսի 7-ին, պատւիրակութիւնն, ահւազաբնակ Աշոտ Փիլոսեանի ուղեկցութեամբ այցելեց Ահւազի եկեղեցի ու գերեզմանատուն։ Ահւազի «Ս. Մեսրոպ» եկեղեցում աղօթք մատուցւեց Սրբազան Հօր միջոցով, այնուհետեւ տեղի հայոց գերեզմանատանը թաղւած՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակ Մկրտիչ Թովմասեանի շիրիմի մօտ կատարւեց հոգեհանգստեան կարգ՝ նահատակի եւ գերեզմանատանը հանգիստ առած բոլոր ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։ Պատւիրակութեան անդամերը շրջայց կատարեցին նաեւ հայոց գերեզմանատանը կից՝ պարսկական գերեզմանատուն, ուր թաղւած քրիստոնեայ-եւրոպացի եւ ասորի ննջեցեալների համար եւս հնչեց աղօթք:
Յատկանշական է, որ թեմակալ Առաջնորդը տեղեկանալով հայոց գերեզմանատան համար ստեղծւած իրավիճակի մասին, անհրաժեշտ համարեց Թեմի ազգային իշխանութեան եւ պետական պատկան կառոյցների միջոցով կալւածի կարգավիճակը ճշտելու համար պարտն ու պատշաճը տնօրինել:
Երեքշաբթի՝ մայիսի 8-ին, թեմակալ Առաջնորդն ու նրան ընկերակցող Կրօնական եւ Թեմական խորհուրդների ներկայացուցիչները, մեկնեցին Աբադան։ «Ս. Կարապետ» եկեղեցու մուտքի մօտ պատւիրակներին դիմաւորեցին աբադանաբնակ Մանուկեան ընտանիքը, պետական պատասխանատուներ, Նաւթային ընկերութեան տնօրէնը եւ պարսիկ հայրենակիցներ:
«Ս. Կարապետ» եկեղեցում, գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի միջոցով կատարւեց եկեղեցական արարողութիւն, իսկ եկեղեցու շրջափակում տեղադրւած Հայոց ցեղասպանութեան յուշակոթողի առաջ հնչեց «Հոգւոցն Հանգուցելոց» աղօթքը՝ սրբադասւած նահատակների հոգիների խաղաղութեան համար. վերջում ներկաները խունկ ծխեցին զոհւածների յիշատակին:
Եկեղեցու գրասենեակում, Սրբազան Հայրը եւ զոյգ խորհուրդների ներկայացուցիչները հանդիպելով Մանուկեան ընտանիքին, լսեցին եկեղեցու եւ հայոց դպրոցների իրավիճակի ու դրանց պահպանման վերաբերեալ զեկոյց։ Սրբազան Հայրը բարձր գնահատեց Մանուկեան ընտանիքի աշխատանքը՝ եկեղեցին կանգուն եւ բարւօք վիճակում պահելու համար:
Աբադանի հայոց գերեզմանատնում թեմակալ Առաջնորդը կատարեց ընդհանրական հոգեհանգստի կարգ։ Պատւիրակութեանն առաջարկւեց ցանկապատել եւ նորոգել գերեզմանատանը։
Հարկ է նշել, որ նահանգի պետական հեռուստատեսութեան կողմից նկարահանւեց թեմիս ազգային իշխանութեան պատւիրակութեան այցելութիւնը Աբադանի «Ս. Կարապետ» եկեղեցի, իսկ Սրբազան Հայրը պատասխանեց այցի նպատակի, Իրանում կրօնների համակեցութեան եւ փոքրամասնութիւնների նկատմամբ արտերկրում հնչող խտրականութեան կեղծ մեղադրանքների վերաբերեալ հեռուստատեսութեան լրագրողի հարցումներին:
Թղթակից (Նոր Ջուղա)