Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակը Շահինշահրում նշւեց ժողովրդական համահաւաքի կազմակերպմամբ, ապրիլի 23-ի երեկոյեան, «Սրբոց Վարդանանց» եկեղեցում:
Սկզբում, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով իրականացւեց Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած նահատակների հսկման արարողութիւնը, որից յետոյ քահանայ հայրը, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամ Սարմէն Մինասեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութիւնը, միութիւնների ներկայացուցիչները, հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանի ուսուցչական կազմն ու աշակերտները եւ միւս ներկաները վառւած մոմեր եւ ծաղիկներ տեղադրեցին եկեղեցու շրջափակում գտնւող Ցեղասպանութեան զոհերի յիշատակի յուշարձանի առջեւ:
Այնուհետեւ սուրբ նահատակների յիշատակը յարգելու համար մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ մեկնարկեց ժողովրդական համահաւաքը՝ Անահիտ Այւազեանի հաղորդավարութեամբ:
Ծրագրում հնչեցին պահանջատիրական խօսքեր. Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ոգեկոչման Շահինշահրի յանձնախմբի անունից ելոյթ ունեցաւ Մառիթա Քեշիշեանը, Հայ համայնքի վարչութեան խօսքն ընթերցեց Վալենթին Թորոսեանը, Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի անունից արտայայտւեց Էմմա Օրդուբէգեանը եւ թեմի Պատգամաւորական ժողովում Շահինշահրի պատգամաւորների կողմից ելոյթ ունեցաւ Մելքոն Շիրւանեանը:
Մառիթա Քեշիշեանն անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանն ու մերօրեայ պայմաններում թշնամու կողմից շարունակւող սադրիչ գործողութիւններին՝ կարեւորութեամբ ընդգծեց. «Չնայած անմարդկային դժւարութիւններին, մեր ժողովուրդը վերջին հարիւրամեակին կարողացաւ միասնականութեան անմնացորդ աշխատանքի եւ հետեւողական ջանքերի արդիւնքում ուղղել իր մէջքը, պահպանել ինքնութիւնը եւ վերկանգնել անկախ պետականութիւնը: Կեցցէ հայ ժողովուրդը, կեցցէ Հայաստան-Արցախ-Սփիւռք միասնութիւնը: Փառք հայ ժողովրդի ազատագրական պայքարի ճանապարհին իրենց կեանքը զոհաբերած նահատակներին»:
Վալենթին Թորոսեանը մատնանշեց. «Եղեռնի 108-րդ տարելիցին, անկախ ազգութիւնից ու դաւանանքից, բազմաթիւ պետութիւններ, մարդասիրական կազմակերպութիւններ եւ ազնիւ անհատներ իրենց ձայնը միացրին համայն հայ ժողովրդի պահանջատիրական ձայնին, որով արդարութեան համար մղւով պայքարում նոր սկիզբ ազդարարւեց հայ կեանքում … Սրբադասւած նահատկների կանչը մեզ նոր ուժ է ներշնչում, որպէսզի մեր արդար պահանջատիրութեան ձայնը աշխարհին լսելի դարձնենք, այդու կոչ ենք անում միասնական ոգով շարունակել մեր պայքարը, որն այսօր ազգայինից վեր բարձրանալով դարձել է պայքար յանուն մարդու եւ նրա կեանքի իրաւունքի»:
Էմմա Օրդուբէգեանը շեշտելով, որ այսօր Հայոց Ցեղասպանութեան առթիւ կազմակերպւող ցոյցերն ու համահաւաքներն իւրայատուկ իմաստ են ստանում, քանի որ Հայաստանն ու Արցախը գտնւելով ճգնաժամային նորանոր մարտահրաւէրների թիրախում, ամենածանր ժամանակներն են ապրում, կոչ արեց՝ տէր կանգնել հայրենիքին եւ յանուն արդարութեան ու ազգային արժանապատւութեան վերականգնել համազգային միասնականութիւնը:
Մելքոն Շիրւանեանն յատկապէս անդրադառնալով 2018 թւականից ցայսօր ՀՀ իշխանութեան վարած քաղաքականութեան արդիւնքում հայ ժողովրդի համար առաջացած ազգավտանգ հետեւանքներին, շեշտեց, եթէ հայ ժողովուրդն Ցեղասպանութիւնից կարճ ժամանակ անց կարողացաւ հիմք դնել իր անկախ պետականութեան, այսօր եւս իվիճակի կը լինի միասնական ճիգերով վերագտնել իրեն, վերադարձնել կորուստները եւ հաստատել արժանապատիւ խաղաղութիւն եւ հային բնորոշ արժանավայել պետականութիւն:
Ծրագրի շարունակութեան մէջ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան ու Փերիոյ Կրթասիրաց միութեան Շահինշահրի մասնաճիւղերի եւ համայնքի Հայ Կանանց Եկեղեցասիրաց միութեան անունից, Ցեղասպանութիւնը դատապարտող ու ցեղասպանից հատուցում պահանջող արտայայտութիւններով, ինչպէս նաեւ հայ ժողովրդի դէմ կիրառւած նոր ցեղասպանութեան՝ Արցախի շրջափակման վերաբերեալ բողոքի խօսքերով ու դատապարտումներով եւ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան կոչով հերթաբար հանդէս եկան՝ Վարդուհի Պօղոսեանը, Ջանիկ Թահմազեանը եւ Անահիտ Մկրտչեանը:
Երեկոյի ընթացքում հնչեցին ասմունքներ ու երգեր: Արութին Հախնազարեանը մեներգեց «Հերոս տղաները»–ը, Նազելի Մարկոսեանը՝ «Մօր երգը զինւորին» երգը, իսկ Արւին Մինասքանեանը՝ «Հայաստան»–ը: Նազելիին ձայնակցեց Արութին Հախնազարանը: «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծութիւնը ասմունքեց Բիւրա Մինասեանը: Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանի սաներից՝ Անի Խոսրովեանն ու Ամարաս Թէյմուրեանը ասմունքեցին «Թէ չես եղել Հայաստանում»-ը, իսկ Աննա Թորոսեանը, Մելւին Մարկոսեանը եւ Նարեկ Թորոսեանը ընթերցեցին պահանջատիրական խօսքեր: Ծրագրում ցուցադրւեցին նաեւ օրւան պատշաճ տեսանիւթեր:
Համահաւաքի աւարտին համայնքի ծխատէր քահանայ հայրը նախ ընթերցեց Ոգեկոչման յանձնախմբի կոչը, այնուհետեւ իր խօսքում նշելով, որ համայն հայութեան պահանջատիրական գործընթացը շարունակւելու է մինչեւ Հայ Դատի արդար լուծումը եւ ոճրագործից հատուցում ստանալը, աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ խաղաղութիւն պարգեւի հայոց աշխարհին եւ միասնական դարձնի համայն հայ ժողովրդին՝ ի նպաստ հայրենիքի եւ ազգի գոյատեւման ու վերելքի:
Թղթակից (Նոր Ջուղա)