Հինգշաբթի՝ ապրիլի 13-ի երեկոյեան, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան եւ կազմակերպութեամբ պատկան կազմակերպիչ յանձնախմբի, նոյն միութեան յարկի ներքոյ, որը գտնւում է Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ իրականացւեց մեծարման միջոցառում, որտեղ գնահատւեցին եւ մեծարւեցին միութեան անդամուհիները:
Երեկոն սկիզբ առաւ վարչութեան խօսքով, որն ընթերցեց Մարինէ Ասատրեանը, ով տօնի առթիւ շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ արտայայտելուց յետոյ, ասաց. «Մայրերը հայ օջախների հենքն ու սիւնն են: Հայ մայրն իր նւիրումով, իր սիրով ու աշխատասիրութեամբ երաշխաւորում է ազգի գոյատեւումը: «Մայրերի ափերի մէջ պիտի փնտրել ազգի փրկութիւնը», ասել է մեծն Նժդեհը: Այս բացառիկ տօնի առիթով առանձնայատուկ բարեմաղթանքներ ենք յղում նաեւ մեր նորօրեայ պատմութեան բոլոր հերոսածին մայրերին, քանի որ վերջին ժամանակներում հայրենիքը անգամ եւս սրբացւեց ու սրբացւում է նրանց որդիների սխրագործութեամբ ու թանկագին արեամբ»:
Այնուհետեւ մտերմիկ մթնոլորտի ներքոյ իրականացւեցին՝ զւարճալի խաղ-մրցոյթներ, հաւկթախաղ եւ հիւրասիրութիւն:
Աւարտին իւրաքանչիւր անդամուհու նւիրւեց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ տպագրւած «Կանայք Առաջին Հանրապետութեան խորհրդարանում» գիրքը եւ ծաղիկ:
Հարկ է նշել, որ կազմակերպիչ յանձնախմբի միջոցով ճոխ ծրագիր էր նախատեսւել օրւայ առթիւ, սակայն ի յարգանք վերջերս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների միջոցով բացւած կրակի հետեւանքով Հայաստանի Տեղ գիւղում զոհւած հայորդիների յիշատակին, զեղչւեց ծրագրի մեծ բաժինը եւ միութեան վարչութիւնը սահմանափակւեց միայն վերոնշեալ ծրագրով:
Թղթակից (Նոր Ջուղա)