Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութիւնը Հայ Դատի քարոզչութեան ուղղութեամբ իր աշխատանքների ծիրում, իրանական նոր տարւայ՝ Նոռուզի արձակուրդները պատեհ առիթ համարելով, մարտի 20-ից 25-ը, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կազմակերպեց գրքի ցուցահանդէս-վաճառք, որը մեծ ընդառաջում գտաւ վանքի թանգարանային համալիր այցելող հոծ զբօսաշրջիկների կողմից:
Ցուցահանդէսում ներկայացւած գրքերի մեծ տոկոսը կազմում էին Հայոց ցեղասպանութեան եւ Հայ Դատի թեմաներով գրական աշխատութիւնները: Միութենականները սպառիչ տեղեկութիւններ էին մատուցում այցելուներին՝ Հայոց ցեղասպանութեան իրողութեան, Արցախի շրջափակման եւ դրա հետեւանքով արցախցիների գոյութեանը սպառնացող զանազան վտանգների կապակցութեամբ եւ պատասխանում այդ շրջագծում այցելուներին յուզող հարցերին: Պատրաստւել էին էջանիշներ նւիրւած Հայոց ցեղասպանութեանը եւ Արցախի 100-օրեայ շրջափակման հարցին, որոնց վրայ տպագրւած էին նշւած իրողութիւնների մասին իրազեկող կայքերի հասցէները: Այս էջանիշները անվճար կերպով տրամադրւեցին բոլոր այցելուներին:
Հարկ է նշել, որ այս ցուցահանդէս-վաճառքը իրականացւում է 1998 թւականից ցայսօր:
Թղթակից (Նոր Ջուղա)