Ուրբաթ՝ նոյեմբերի 4-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած՝ մշակութային 2-րդ աշակերտական փառատօնը, մասնակցութեամբ Ն. Ջ. հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիների: Որպէս հանդիսատես սրահում ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Պատգամաւորական Ժողովի դիւանի, Թեմական, Կրօնական եւ Կրթական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ կազմակերպիչ դպրոցի անձնակազմը, ծնողական խորհրդի անդամներն ու ծնողները:
Դպրոցի տնօրէնութեան եւ անձնակազմի համատեղ նախաձեռնութեամբ իրականացւած այս միջոցառման բացումը կատարւեց Արամ Խաչատրեանի «Սուսերապար» երաժշտութեանը զուգակցւած դպրոցական դրւագների հետաքրքիր տեսանիւթով, որի հեղինակն էր աշակերտ Արամէ Ալեքսանդրեանը:
Այնուհետեւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ հաղորդավար Արթուր Քամարզարեանը, ով նման բովանդակութեամբ փառատօները որակեց՝ ոչ միայն տաղանդների եւ ընդունակութիւնների բացայայտման, այլ նաեւ հայրենասիրական ոգու դրսեւորման միջոց:
Փառատօնի ընթացքում մասնակից աշակերտութիւնը, ովքեր կրում էին յաւերժութեան խորհրդանշով եւ «Մենք յաւերժ ենք մեր լեռների պէս» խորագրով դաճւած հագուստներ, հանդէս եկան ասմունքի, երգ-երաժշտութեան եւ պարի անհատական ու խմբական սքանչելի կատարումներով: Հարկ է նշել, որ աշակերտները փառատօնին մասնակցութիւն էին բերել նաեւ գեղանկարչութեան ցուցահանդէսով:
Ուշագրաւ էր մասնակիցների կողմից դրսեւորւած բազմակողմանի տաղանդն ու արւեստի տարբեր ճիւղերի համատեղ իմացութիւնը, ինչը վկայում էր դպրոցների պատասխանատուների, ծնողների եւ յատկապէս մասնակիցների կատարած հետեւողական մեծ աշխատանքի մասին:
Ելոյթների աւարտին մասնակիցների անունից՝ որպէս շնորհակալութեան, գնահատանքի եւ երախտիքի արտայայտութիւն, ծաղկեփունջ նւիրւեց փառատօնի գլխաւոր հեղինակ եւ գեղարւեստական ղեկավար, փոխ-տեսուչ Ռիմա Սիմոնեանին: Ծաղկեփնջով գնահատւեցին նաեւ դպրոցի երգչախմբի ղեկավար Նայիրա Ալեքսանեանը եւ պարուսոյց Քաթրին Մարկոսեանը:
Փառատօնի աւարտին եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, ով բարձր գնահատելով իրականացւած ձեռնարկը եւ գովեստի խօսք ուղղելով փառատօնի կազմակերպիչներին՝ ի մսանաւորի փոխ-տեսուչ Ռիմա Սիմոնեանին, ապա անդրադառնալով շուրջ երեք տարիների ընթացքում ընտանիքների եւ յատկապէս դպրոցականների վրայ թողած համաճարակի հետեւանքներին, ասաց. «Աստւածային միջամտութեամբ ունեցանք օրհնաբեր այս առիթը, որտեղ կարծես արեւելեան քամին իր յուսաբեր լուսաշողերով շաղախւած, մեր երկնակամարի վերեւը բերեց հայ մշակոյթի տօնի ամպերը, նրանք անձրեւեցին եւ անձրեւի կաթիլները վերակենդանացրեցին մեր հայ աշակերտ-ուհիների ներաշխարհը. նրանք ծաղկեցին եւ բերք տւեցին: Այս միջոցառումն առատացրեց մեր պապակած սրտերն ու հոգիները»:
Կրթահամալիրի 2-րդ մշակութային փառատօնին մասնակցութիւն էր բերել հետեւեալ կազմը՝
Էմիլի Նաւասարդեան՝ ներկայացնելով պարի, ասմունքի եւ դաշնամուրի կատարում եւ գեղանկարչութիւն.
Արամէ Յովսէփեան՝ երգեհոնի կատարում.
Վանէ Խաչիկեան՝ ասմունք.
Արամէ Ասատրեան՝ դաշնամուր.
Սերինէ Յակոբեան՝ ասմունք.
Նազելի Փանոսեան՝ մեներգ.
Սէրլի Շահմիրզայեան՝ գիմնաստիկայի շարժումներ, Էմիլի Նաւասարդեանի՝ դաշնամուրի նւագակցութեամբ եւ գեղանկարչութիւն.
Սէրլի Սարեան՝ ասմունք.
Բիւրեղ Տէր-Յովհաննիսեան՝ ասմունք եւ գեղանկարչութիւն.
Էմիլի Պօղոսեան՝ երգի եւ դաշնամուրի նւագակցութեամբ զուգակցւած կատարում եւ ասմունք.
Ստեփանիա Յակոբեան՝ ասմունք.
Սիսիանա Յակոբեան՝ ասմունք եւ գեղանկարչութիւն.
Վանէ Յովսէփեան՝ ասմունք, Նարեկ Ղարիբեանի՝ դաշնամուրի ընկերակցութեամբ.
Լիլիթ Մարկոսեան՝ գեղանկարչութիւն.
Թանիա Յովսէփեան՝ գեղանկարչութիւն.
Քաթրին Ակոն՝ գեղանկարչութիւն.
Մենուա Մարկոսեան՝ ասմունք.
Խմբական բաժնում հանդէս եկաւ դպրոցի «Միհր» նւագախումբը՝ մասնակցութեամբ՝ Մելւին Թորոսեանի (գիթառ), Լեմուէլ Թահմազեանի (գիթառ) եւ Էրւին Յովսէփեանի (հարւածային գործիք:
Դպրոցի երգչախումբը ընկերակցութեամբ «Միհր» նւագախմբի կատարեց «Հայաստան իմ չքնաղ» եւ «Ազգ փառապանծ» հայրենասիրական երգերը, իսկ պարախումբը հանդէս եկաւ «Քոչարի» եւ «Եարխուշտա» պարերով:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Շանթ Մելքոնեան