Կիրակի՝ սեպտեմբերի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Գէորգ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի, Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշւեց Ս. Գէորգ Զօրավարի տօնը. զուգահեռ նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը:
Պատարագը մատուցեց եւ օրւայ առթիւ քարոզեց արժ. Տ. Մեսրոպ Ա. քհնյ. Գալստանեանը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումը: Քահանայ հայրն իր քարոզում աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ խաղաղութիւն բերի աշխարհին՝ ի մասնաւորի Հայաստանին ու Արցախին եւ պահի ու պահպանի հայ ժողովրդի հայրենիքը:
Պատարագի աւարտին Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան, որը բաժանւեց ժողովրդին:
Վերջում գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանը շնորհաւորելով Ս. Գէորգ Զօրավարի եւ եկեղեցու անւանակոչութեան տօների կապակցութեամբ՝ իր շնորհակալական խօսքն ուղղեց արարողութիւնների կազմակերպման գործում բոլոր դերակատարներին՝ եկեղեցական դասին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդին« Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը« երգեցիկ խմբին, Կանանց եւ Հարիսայի պատրաստման յանձնախմբերին, ինչպէս նաեւ տօնի առթիւ նւիրատուներին:
Հարկ է նշել, որ այս առիթով շաբաթ՝ սեպտեմբերի 24-ի առաւօտեան, նոյն եկեղեցում կատարւեց աղօրհնէքի, իսկ երեկոյեան՝ հսկման արարողութիւնները:
Թղթակից (Նոր Ջուղա)